Ուղեղը կարող է փոխել խոլեստերինի քանակը արյան մեջ

09:49 • 08.06.10

Ուղեղի ազդակները կարող են նշանակալիորեն փոխել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, որի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառներից է։ Այս մասին գրում է Nature Neuroscience-ը։

Խոլեստերինը անհրաժեշտ է D վիտամինի և որոշ հորմոնների արտադրման համար, ինչպես նաև բջջային պատերի առաջացման համար։ Օրգանիզմն այն ստանում է կերակրից և սինթեզում ինքնուրույն։ Արյան մեջ խոլեստերինը գտնվում է համալիր միացությունների՝ լիպոպրոտեինների կազմում։ Ցածր խտությամբ լիպոպրոտեիններն անվանում են «վատ խոլեստերին», քանի որ այն կարող է հավաքվել անոթների պատերին՝ նպաստելով թրոմբի առաջացմանը, որը կարող է հանգեցնել սրտի և ուղեղի կաթվածների։

Բարձր խտության լիպոպրոտեինները՝ «լավ խոլեստերինը», ընդհակառակը, էապես նվազեցնում են աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։ Սական դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է օրգանիզմը կառավարում «վատ» և «լավ» խոլեստերինների արտադրությունը։

Գիտնականները առնետների վրա էքսպերիմենտների շարք են անցկացրել, որոնց ընթացքում հետազոտել են գրելին հորմոնի ազդեցությունը խոլեստերինի մակարդակի վրա և պարզել, որ այդ պարամետրերը ուղղակիորեն կապված են ուղեղի որոշակի հատվածի աշխատանքի հետ։

«Մենք երկար ժամանակ կարծում էինք, որ խոլեստերինի մակարդակը կարգավորվում է բացառապես լյարդի միջոցով դրա կլանմամբ և սինթեզով։ Մեր հետազոտությունը առաջին անգամ ցույց տվեց, որ խոլեստերինի քանակը նաև գտնվում է «հեռակառավարման վահանակի» ուղիղ ազդեցության տակ, որի դերը կատարում են կենտրոնական նյարդային համակարգում հատուկ նեյրոնային ցանցերը»,- ասել է գիտնականներից Մաթիաս Չոպը։

Գիտնականները ցույց են տվել, որ գերլին հորմոնի մեծ դոզայի արհեստական ներարկումը ոչ միայն ստիպում է առնետներին ավելի շատ ուտել և արագ քաշ հավաքել, այլև մեծացնում է արյան մեջ «լավ խոլեստերինի» մակարդակը։

Հետազոտողները նշում են, որ իրենց բացահայտումը կարող է ստեղծել խոլեստերինի մակարդակը վերահսկելու և գիրացման բացասական հետևանքների դեմ պայքարի նոր մեթոդներ։