Սուրճը վնասակար չէ, օգտակար է, խորհուրդ է տրվում. մասնագետ
«Կան գիտական լուրջ հետազոտություններ. անգամ 5 բաժակ սուրճը չի կարող մարդուն վնասել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը՝ անդրադառնալով սուրճի վնասակարության մասին հարցին։
Մասնագետի խոսքով, սուրճը ոչ միայն վկասակար չէ, այլև անհրաժեշտ է մարդուն։
«Ընդհակառակը, սուրճը նույնիսկ անհրաժեշտ է մարդուն՝ նրա նյարդային համակարգն ավելի ակտիվացնելու համար։ Նույնիսկ երեխաներին են խորհուրդ տալիս սուրճ ընդունել։ 1–2 բաժակը, իհարկե, բավարար է, բայց մինչև 5 բաժակ կարելի է»,– հայտարարեց ինստիտուտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, սուրճը չի կարող գրգռիչ ազդեցություն ունենալ աղեստամոքսային լորձաթաղանթի վրա, ուստի սուրճ կարելի է ըմպել անգամ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում։ Մասնագետի հավաստմամբ, վնասակար չէ անգամ լուծվող սուրճը։
«Գիտեք խոսակցություններ միշտ էլ կարող են լինել, եղել են և լինում են, բայց պետք է մի քիչ հարցին գիտականորեն մոտենալ»,– եզրափակեց Խաչատրյանը։










