Facebook-ը հերթական անգամ հարձակման է ենթարկվել
Բրիտանական հակավիրուսային ծրագրերը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար զգուշացում են հրապարակել, որում ահազանգում են նոր կեղծարարության սխեմայի մասին՝ կապված այսպես կոչված «քլիքների գողության» հետ։ Այս մասին հայտնում է CyberSecurity.ru-ն։
Համակարգչային անվտանգության մասնագետներն ասում են, որ վերջին հարձակումը կրկին կիրառում է համեմատաբար վերջերս ներկայացված «Ես երաշխավորում եմ» գործառույթը, որի օգնությամբ օգտատերերը կարող են բլոգներում երաշխավորել այս կամ այն կայքէջը կամ հաղորդագրությունը։
Հարձակումը տարածվում է վեբ էջի հղումի տեսքով, որտեղ ներկայացվում են «աշխարհի ամենակրակոտ կնոջ» նկարները։ «Չարամիտ» հղումի վրա սեղմելով օգտատերը մտնում է նշված կայք, բայց հետո ակնթարթորեն տեղափոխվում երրորդ նախագիծ, ընդ որում վերջին գործողությունը կատարվում է ինքնուրույն՝ առանց օգտատիրոջ ցանկության։ Այնուհետև զոհի համակարգիչը վարակվում է վիրուսով։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսներին Facebook-ի վրա կատարվել է նվազագույնը հինգ մեծամասշտաբ հարձակում «քլիքների գողության» կիրառման մեթոդով։










