Հայաստանում պաշտոնապես գրանցվել է ՄԻԱՎ վարակի 874 դեպք
Հայաստանում 1988թ. մինչև 2010թ. հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 874 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 635 մարդ (72,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 239 դեպք (27,3%): Այդ թվում՝ ՄԻԱՎ վարակի 19 դեպք է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 58%-ը 25-39 տարիքային խմբին են պատկանում։
Մեր երկրում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (50,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,1%): Բացի այդ, Հայաստանում արձանագրվել են նաև մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 418-ի մոտ (կին` 98, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ, այդ թվում՝ 84-ի մոտ՝ 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 209 դեպք: Մահացածների թվում եղել է 35 կին և 4 երեխա:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում՝ 373 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 42,7%-ը: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,3%:










