Օտարալեզու կրթություն ստացողը հեռանում է ազգային արժեքներից. Նշան Որբերյան

15:23 • 18.06.10

«Մեսրոպյան Ուխտ» լեզվապահպան միության անդամ, ամերիկահայ Նշան Որբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օտարալեզու դպրոցների բացման խնդրին՝ նշելով, որ այն ունի նաև քաղաքական կարևորություն։ Ըստ նրա, մեր իշխանությունները հայապահպանությունը պետական քաղաքականություն դարձնելու մի դոկտրին մշակեցին, որ Սփյուռք–Հայաստան միասնությունը նպաստի պետության հզորացմանը, իսկ այդ հզորացումը կարող է լինել միայն լեզվական հիմքի վրա։

Ըստ նրա, օտարալեզու դպրոցների բացումն առնչվում է Սահմանադրության հետ, և եթե հիշյալ օրենքն ընդունվի, հարկավոր է փոփոխություն կատարել նաև Սահմանադրության մեջ։ Միության ներկայացուցչի խոսքով, միակ հաճելի բանն այս իրավիճակում այն է, որ հանրության ու մտավորականության կարծիքը հարցի շուրջ միասնական դարձավ։

Նշան Որբերյանը նշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելով մենք կորցնում ենք այն անձանց, որոնք ապահովում են մեր մշակույթի շարունակականությունը։

«Ես կարծում եմ, որ չի կարելի համազգային խնդիրները լուծել օտարալեզու կրթություն ստացած անձանց միջոցով, ինչին այսօր ձգտում են մեր վարչապետն ու կրթության նախարարը, որովհետև օտարալեզու կրթություն ստացողն ազգային արժեքներից հեռանում է»,– ասաց նա։

Օտարալեզու կրթություն ստացողը հեռանում է ազգային արժեքներից. Նշան Որբերյան