Թուրք ռեժիսորի ֆիլմը կբացի «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաները

18:07 • 25.06.10

Այս տարվա «Ոսկե ծիրան» երևանյան 7–րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը շատ բազմաբովանդակ է։ Ծրագիրը կբացի Սեմիհ Քափլանօղլուի «Մեղր» ֆիլմը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը։ Հիշեցնենք, որ Քափլանօղլուն նաև այս տարվա խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։

Երևանցի կինոդիտողները հնարավորություն կունենան դիտել Քշիշտոֆ Զանուսսիի «Փոխայցը», Ռոբ Նիլսոնի «Ներշնչվածը», Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», Ստանիսլավ Գովոռուխինի «Ուղևորը»։

Ստամբոլցյանի կարծիքով՝ ռեժիսոր Յան Կունենի «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» ներկայացված ֆիլմերից թերևս ամենահետաքրքիրներից մեկն է։

Հավելենք, որ կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են նաև Միխայել Հանեքենի «Սպիտակ ժապավենը» և Լի Չան-Դոնի «Պոեզիան»։