Այս անգամ Վարդան Պետրոսյանը սրսկելու է ուղիղ վերքի վրա (տեսանյութ)

15:42 • 05.07.10

Դերասան Վարդան Պետրոսյանը շուտով կներկայացնի իր երեք նոր ծրագրերը։ Առաջին ներկայացումը «Ճակատագրի կատակները» Պետրոսյանը կներկայացնի հուլիսի 30–ին Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց դերասանը, սա քաղաքական ներկայացում չէ։ «Սա շատ ուրախ, շատ սրամիտ, նաև երաժշտական մի ներկայացում է իր լիրիկական ձևերով, քանի որ տարիներ անց մարդը դառնում է սենտիմենտալ», – պարզաբանեց նա։

Պետրոսյանը հավելեց, որ այս ներկայացման մեջ նա հանդես կգա իր չորս ընկերների հետ։ «Չորս խենթ երիտասարդների հետ, եթե իհարկե նրանց կարող ենք անվանել երիտասարդ», – ասաց նա։ Միաժամանակ, նա այդ ներկայացումն անվանեց ինքնակենսագրական աշխատանք։

Պետրոսյանի երկրորդ՝ «Վարք Հայաստանի» ներկայացումը ոգեշնչված է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունից։ «Այս ներկայացման մեջ մեր վարքը բնութագրվում է որպես մեր վերքերի արդյունք», – ասաց նա՝ հավելելով, որ այս ներկայացումն իր տեսակով ավելի շատ նման է թատերական ակցիայի։

Ըստ Պետրոսյանի՝ նա «Վարք Հայաստանի» ներկայացումը չի խաղալու բեմում, այլ սկսած սեպտեմբերից խաղալու է ուսանողների համար։

«Այս ներկայացումը չափից դուրս հանդուգն է և բեմը պատրաստ չէ այդ տեսակ ներկայացումների։ Այս անգամ ես փորձել եմ մեր վերքերը տրորել ավելի ուժեղ՝ օգտագործելով սրսկման թերապիան, երբ սրսկում են ուղիղ վերքի վրա», – պարզաբանեց նա։

Նոր ներկայացման մեջ Պետրոսյանը բարձրացնում է կրթության ոլորտին, տգիտությանը, վաղվա օրվա վտանգին առնչվող հարցեր։

Նշենք, որ Պետրոսյանը փորձում է նվաճել նաև ռուսական բեմը։ Այսպես, այս տարվա նոյեմբերին Մոսկվայում դերասանը ռուսերեն լեզվով հանդես կգա «Մարդը Փարիզից» ներկայացումով։