Լիցենզիաների դադարեցման հետևանքով 2000 ուսանող դուրս է մնացել մասնավոր բուհերից
«Խնդիրն այն է, որ շատ ու շատ ստեղծված միավորներ հռչակվում են համալսարաններ՝ չհամապատասխանելով համալսարանի անվանը»,– այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով 14 մասնավոր բուհերի լիցենզիաները մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնելու որոշմանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ մասնավոր բուհերն ուսումնասիրելու գործընթացը կրթության և գիտության նախարարությունն սկսել է դեռ 2,5 տարի առաջ, երբ սկսվեց Բոլոնյան գործընթացի շրջանակներում կրթության վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման աշխատանքները։ Քանի որ հնարավոր չէր մասնավոր 72 բուհերը ուսումնասիրել միանգամից, փոխնախարարի խոսքով, իրենք այս անգամ ուսումնասիրեցին դրանցից 28–ը։
Արա Ավետիսյանի խոսքով, մասնավոր բուհերում հայտնաբերված հիմնական խախտումները վերաբերում են անբավարար ուսումնամեթոդական փաթեթներին, այսինքն՝ ուսումնական ծրագրերն ու չափորոշիչները ոչ միայն չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, այլև իրար հետ փոխկապակցված չեն։ Փոխնախարարի խոսքով, խախտումների թվում են մասնավոր բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական պատրաստվածության հետ կապված խնդիրները, ինչպես նաև նրանց կադրային ձևակերպումների հետ կապված խախտումները։ «Մի ուսուցչին տարվա մեջ 3 ամսով հրամանագրում են ու ազատում աշխատանքից»,– ասաց փոխնախարարը։ Ըստ նրա, տվյալ մասնավոր բուհերում չկար նաև լաբորատոր համապատասխան բազա, համապատասխան գրադարանային ռեսուրսներ և կահավորում։
Теrt.am–ի հարցին, թե հնարավո՞ր է, որ մասնավոր բուհերի փակումը կապ ունի նրա հետ, որ պետական բուհերում այս տարի բավական շատ թափուր տեղեր են առաջացել, փոխնախարար Արա Ավետիսյանը պատասխանեց։ «Ոչ, նման կապ չկա։ Դուք բոլորդ ներկա էիք, որ գործընթացն սկսվել է 2,5 տարի առաջ։ Մենք այդ գործընթացն անում ենք փուլերով, հակառակ դեպքում եթե նման միտում լիներ մեր գործունեության մեջ, միանգամից ծավալային փակում կանեինք։ Խնդիրն այն է, որ մենք իրավունք չունենք հասարակության և եվրաինտեգրման առջև պատասխան չտալ որակյալ մասնագիտական կրթության ապահովման համար»,– ասաց ԿԳ փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարության ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ փակվել է 7 մասնավոր բուհ, մասնակիորեն դադարեցվել է ևս 7 բուհերի որոշ մասնագիտությունների լիցենզիան։ Արդյունքում, փոխնախարարի տեղեկացմամբ, մասնավոր բուհերից դուրս են մնացել 2000 ուսանողներ, որոնց ուսման իրավունքը նախարարությունը խոստանում է ապահովել։
Արա Ավետիսյանի խոսքով, մասնավոր բուհերից դուրս մնացած ուսանողներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակել նույն մասնագիտությունների գծով տարբեր բուհերում՝ այդ թվում և՛ պետական, և՛ մասնավոր։ Փոխադրումները, ըստ սահմանված կարգի, պետք է լինեն ուսումնական տարվան նախորդող կամ հաջորդող երկու շաբաթների ընթացքում։ Փոխադրվող ուսանողները կհանձնեն առարկաների տարբերությունների քննությունները։ Ինչ վերաբերում է ուսման վարձին, փոխնախարարը նշեց, որ իրենք կհորդորեն բուհերին, որ մասնավոր բուհերից դուրս մնացած ուսանողները նոր ընդունված բուհում սովորեն նախկին վարձավճարով։










