Վիետնամցի դպրոցականներին կհեռացնեն ինտերնետ սրճարաններից

16:31 • 14.08.10

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում արգելք է սահմանվել դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ ինտերնետ սրճարանների բացման համար։ Ինչպես հայտնում է AFP-ն, դպրոցներից 200 մետրից մոտ հեռավորությամբ գտնվող ինտերնետ սրճարանները մեկ ամսում պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը։

Այդ հաստատությունները նաև չեն կարող այցելուներին տրամադրել ինտերնետ մուտք գործելու հնարավորության երեկոյան ժամը 11-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Որպես արգելքի հիմնական նպատակ նշվում է օնլայն խաղերի նկատմամբ դեռահասների բուռն հակման դեմ պայքարը, քանի որ այդ մոլուցքի պատճառով նրանք թողնում են ուսումը։

Ինտերնետ սրճարանների նկատմամբ վիետնամական իշխանության ձեռնարկած միջոցներից մեկն էլ պոռնոգրաֆիական նյութերը և այլ բովանդակությունները ֆիլտրող ծրագրային ապահովման պարտադիր գործածումն է։

Նշենք, որ ինտերնետ գրաքննության պատճառով Վիետնամը պարբերաբար քննադատության է ենթարկվում։ Մասնավորապես, Google-ը Վիետնամը դասել է այն 25 երկրների շարքին, որտեղ իշխանությունները քաղաքական կամ այլ գրաքննության նկատառումով արգելափակում են մատչումը ընկերությունների ծառայություններին։ Վիետնամը նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «ինտերնետի թշնամիների» ցուցակում է։

Վիետնամցի դպրոցականներին կհեռացնեն ինտերնետ սրճարաններից