Ֆիլոքսերան սպառնում է ոչնչացնել հայկական խաղողը. ահազանգ

13:56 • 17.08.10

Խաղողի ֆիլոքսերա հիվանդությունը, որը խաղողի այգին 3-4 տարվա ընթացքում չորացնում է, սպառնում է ոչնչացնել հայկական խաղողը։ Այսօրվա ասուլիսին նման ահազանգ հնչեցրեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ պետությունը պետք է այս հարցում օժանդակի գյուղացուն։

Ըստ Հարությունյանի՝ թեև նախորդ տարի այս հիվանդությունը տարածվել է Էջմիածնի տարածաշրջանի այգիներից մեկում միայն, որը ոչնչացվել է, սակայն վտանգը հանրապետության խաղողի այգիների «գլխին կախված» է։ Այս հիվանդության դեմ պայքարի միջոցներ չկան. միակ միջոցը վարակված այգին ոչնչացնելն է։ Քանի որ ֆիլոքսերան ամերիկյան հիվանդություն է, ամերիկացիները գտել են դրա դեմ պայքարի միջոցը և այդ հիվանդությանը դիմացող ամերիկյան խաղողի սորտեր են ստեղծել։ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի այս հարցում, ստեղծի ֆիլոքսերայի դեմ պայքարի ֆոնդ և վարակի բռնկման դեպքում փոխի խաղողի այգիները՝ հիմնելով ամերիկյան դիմացկուն սորտերը։

Մասնագետի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին վարակը տարածվել է Ղարաբաղում և Հայաստանի մի քանի մարզում։ «Հայաստանի անկախացումից հետո այդ հիվանդության դեմ պայքարի արդյունավետ որևէ միջոցառում պետության կողմից չի իրականացվել։ Վտանգը միշտ եղել է։ Սա բերեց նրան, որ Արարատյան հարթավայրում մեծ ներդրողները ներդրումներ չկատարեցին, քանի որ ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում չփոխված այգիները։ Շատ լուրջ ապայուցներ կան, որ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր պետության համար»,- ընդգծեց բանախոսը։

Հարությունյանը նաև հաշվարկներ է կատարել. եթե ֆիլոքսերան տարածվի Արարատյան հարթավայրում, որտեղ Հայաստանի 16.5 հազար հա խաղողի այգիների 14 հազ հա-ն է գտնվում, ապա գյուղացիներից այգիները փոխելու համար 270-290 մլն դոլար կպահանջվի։ Այդ դեպքում գինեգործների, կոնյակագործների և գյուղացիների կրած վնասի ընդհանուր չափը կկազմի 700 մլն դոլար։

Ֆիլոքսերան սպառնում է ոչնչացնել հայկական խաղողը. ահազանգ