Մասնավոր բուհերի զտման գործընթացը կշարունակվի
Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է շատ արագ աջակցել լիցենզիայից զրկված մասնավոր ցանկացած բուհի ուսանողի՝ իր ուսումը պետական բուհերում շարունակելու գործում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ չնայած լիցենզիայի կասեցմանը, կրթական չափանիշներին չհամապատասխանած և լիցենզիայից զրկված բուհերի շրջանավարտների դիպլոմները վավեր կհամարվեն։ Հիշեցնենք, որ վերջերս նախարարությունը լիցենզիայից զրկել է ևս 8 մասնավոր բուհի։
«Այդ բուհերը լիցենզավորվել էին վաղուց, այս ընթացքում տարիներ են անցել, փոխվել է լիցենզավորման կարգը, օրենսդրական և ենթաօրենսդրական նոր պահանջներ են կիրառվել։ Նոր ստեղծված իրավիճակում մեր ստուգումները ցույց են տվել, որ այդ հաստատություններում կային լուրջ խնդիրներ»,- ընդգծեց նախարարը։
Մասնավոր բուհերի զտման գործընթացը կշարունակվի։ Աշոտյանի խոսքով՝ դա վերահսկողական գործընթաց է, որը բերում է զտման։ «Մենք վերահսկելու ենք, պարբերաբար նման որոշումներ կայացնելու ենք։ Ի վերջո, այսօրվա դրությամբ 49 մասնավոր բուհ շատ է մեր նման փոքր երկրի համար»,- նշեց նա։
Աշոտյանը դժվարացավ ասել, թե զտման արդյունքում քանի մասնավոր բուհ կգործի հանրապետությունում։ «Մենք ունենք որակի խնդիր, մենք ուզում ենք, որ բոլորը լինեն մինիմալ ստանդարտներին համապատասխանող բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- ընդգծեց նա։
ԿԳ նախարարությունը խրախուսում է մասնավոր բուհերի միավորման գործընթացը։ Արդեն իսկ մի շարք բուհերի միավորումն սկսվել է։ Դա, ըստ նախարարի, արդյունավետ է, և նախարարությունը պատրաստ է այս հարցում օգնել մասնավոր բուհերի ղեկավարներին։










