Կոչ Արցախի վարչապետին. Միայն յունիքոդ
«Մենք դեմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բաց նամակ է գրել Արցախի վարչապետին, որում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո՛ վարչապետ,
Արցախի Հանրապետությունում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության ստեղծման ու օգտագործման գործընթացների համակարգման ու ճիշտ հունով ուղղորդելու գործում լուրջ խնդիրներ կան: Պետք է անհապաղ մշակել ԱՀ-ում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն:
Որպես սկզբնական քայլեր առաջարկում ենք.
ա. հատուկ կարգադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անընդունելի սահմանել ոչ յունիքոդ տառատեսակների օգտագործումը: Պետական կառույցների ամբողջ գրագրությունը կատարել միայն յունիքոդ տառատեսակներով:
բ. հատուկ կարգադրությամբ պետական ծառայողներին հորդորել պաշտոնական նամակագրության ժամանակ օգտագործել իրենց հաստատության դոմեյնում գտնվող էլ. փոստի հասցեն: Հրամանից հետո այլ տիրույթներում գտնվող էլեկտրոնային փոստի հասցեներ օգտագործելը պետական ծառայողների համար սահմանել որպես զանցանք:
գ. հատուկ կարգադրությամբ պարտավորեցնել բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որ իրենց աշխատակիցներին տրամադրեն տվյալ մարմնի դոմեյնային տիրույթում գտնվող էլ. փոստի հասցե:
դ. այն պետական կառույցներին, որոնց կայքէջը ցայսօր գործում է ոչ յունիքոդ տառատեսակներով, կարգադրել սեղմ ժամկետներում կայքը վերակառուցել յունիքոդային համակարգով»:










