Եգիպտոսում Google–ի շնորհիվ կարող են Twitter մտնել առանց ինտերնետի
Google ըկերությունը եգիպտոսցիներին հնարավորություն է տվել առանց համացանցի օգտվել Twitter սոցիալական կայքից, հաղորդվում է Google–ի պաշտոնական բլոգում։
Twitter միկրոբլոգի մատչումը Եգիպտոսում արգելվել էր մեկ շաբաթ առաջ։
Google-ի մասնագետների հաղորդմամբ՝ այժմ եգիպտոսցիները Twitter մուտք գործելու համար կարող են ձայնային հաղորդագրություն ուղարկել միջազգային երեք համարներից մեկով (ԱՄՆ, Իտալիա կամ Բահրեյն)։ Այդ հաղորդագրությունը մեխանիկորեն կգրանցվի Speak2Tweet–ի էջում #egypt առանցքային բառով (keyword): Նոր ծառայության համար համացանցի առկայությունը պարտադիր չէ։ Ծառայության արժեքը առայժմ չի նշվում։
«Մենք հույս ունենք, որ սա որոշ չափով կօգնի Եգիպտոսի ժողովրդին կապ պահպանել արտաքին աշխարհի հետ»,– նշվում է բլոգում։
Երկուշաբթի օրը եգիպտական ԶԼՄ–ները, վկայակոչելով Կահիրեում արևմտյան դիվանագիտական աղբյուրներին, հայտարարել էին, որ համացանցը Եգիպտոսում կմիանա առաջիկա 24 ժամվա ընթացքում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Եգիպտոսի իշխանությունները 1000-ավոր բողոքներ են ստացել Եգիպտոսում համացանցի անջատման հետ կապված։ Բողոքներ են ներկայացրել նաև միջազգային կազմակերպություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։










