Facebook–ը մեկնաբանությունների համակարգի նոր տարբերակ է մշակում, որը հնարավոր կլինի օգտագործել նաև ցանցից դուրս
Facebook սոցիալական ցանցը բանակցություններ է վարում մեդիա շուկայում խոշոր դերակատարների հետ՝ գործընկերային համաձայնություններ կնքելու համար։
Ինչպես գրում է CNET–ը, շուտով բազմաթիվ ժողովրդականություն վայելող բլոգներ և էլեկտրոնային լրատվամիջոցներ իրենց նյութերի քննարկման համար կկարողանան ներդնել Facebook շարժիչը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, Մարկ Ցուկերբերգի ընկերությունը դեռ չի տվել։
Պատրաստվող նորամուծությունները կզարգացնեն ինտեգրացիայի արդեն գոյություն ունեցող հնարավորությունները։ CNET–ի տվյալներով՝ մեկնաբանությունների համար նախատեսված նոր շարժիչը հնարավոր կլինի օգտագործել՝ առաջնորդվելով OpenID համակարգով՝ անգամ եթե նորույթը ներդրած ռեսուրսը համագործակցում է Facebook–ի մրցակից Yahoo!, Twitter կամ Google ընկերությունների հետ։
Շարժիչն իր մեջ կներառի բոլոր գործառույթները, որոնք օգտատերերին հասանելի են սոցիալական ցանցի ներսում մեկնաբանություններ թողնելիս (գնահատումը, ընկերների հետ «կիսվելը» և այլն)։
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է Facebook–ը մտադիր լուծել անանուն մեկնաբանությունների հարցը, որոնք կազմում են բլոգների և ֆորումների լսարանի զգալի մասը։ Բացի այդ, շատերը մեկնաբանություններ են գրում կեղծանուններով (նիքեր), ինչը Facebook ցանցի ներսում արգելված է։










