Smart Systems-ը դատի է տալու կանադական հայտնի ընկերությանը

12:43 • 02.02.11

Հաքերների կողմից Smart Systems ընկերության՝ Կանադայում տեղադրված սերվերի՝ հարձակման ենթարկվելու հետևանքով ընկերությունը տեղեկատվական մեծ կորուստ է կրել։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Smart Systems-ի գործադիր տնօրեն Հայկ Գեղամյանը` իրենց հետ համագործակցող կանադական հայտնի Rackforce ընկերությունը, որտեղ տեղադրված են եղել Smart Systems-ի և նրա հաճախորդ-ընկերությունների տվյալները, շաբաթական երեք անգամ ավտոմատ կերպով իրականացնում էր տեղեկատվության ռեզերվային արխիվացում։

«Երբ իրականացվեց հաքերային այս հարձակումը, մենք դիմեցինք կանադական ընկերությանը, որպեսզի նրանք նոր սերվեր պատրաստեն և իրենց մոտ եղած արխիվային սկավառակը միացնեն նոր սերվերին` հարձակման ենթարկված կայքերը վերկանգնելու համար։ Սակայն իրենք մոտ 2 օր շարունակ հետաձգում էին մեր դիմումի պատասխանը։ Եվ միայն դրանից հետո պատասխանեցին, որ սխալմամբ ջնջել են այդ տեղեկատվությունը։ Իհարկե, մենք անգամ այս պայմաններում ի վիճակի ենք վերականգել կայքերը, սական դրանցում տեղադրված տեղեկատվությունը կունենա մեկ տարվա վաղեմություն` այսինքն հին է լինելու, քանի որ պետք է օգտագործենք այլ ռեզերվային արխիվներ, որոնք պահպանվել են այլ սերվերի վրա»,- ընդգծեց Smart Systems-ի գործադիր տնօրենը։

Ըստ նրա` կանադական Rackforce ընկերությունը բավականին հայտնի կազմակերպություն է, բայց քանի որ նրանք Smart Systems-ի հանդեպ կոնկրետ պարտավորություններ ունեն, որոնք անփութության պատճառով չեն իրականացվել ու ինչի պատճառով տեղեկատվական կորուստներ են արձանագրվել, ապա Smart Systems ընկերությունը մտադիր է կանադական այդ ընկերության դեմ հայցով դիմել դատարան:

Միևնույն ժամանակ Smart Systems-ի գործադիր տնօրենը տեղեկացրեք, որ իրականում հաքերների կողմից կոտրված կայքերի քանակը 190 է եղել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում էր՝ 290-ից ավելի: Դոմենների քանակն է անցել 290-ը, բայց «դոմեն» և «կայք» հասկացությունները տարբեր են:

Առայժմ դժվար է ասել՝ հաքերները եղել են ադրբեջանցիներ, թուրքեր, թե այլ ազգի ներկայացուցիչներ։ «Տեքստի մի մասը գրված էր թուրքերեն, մյուս մասը՝ ադրբեջաներեն։ Անգրագետ տեքստ էր, սա որոշակի կասկածների տեղիք է տալիս»,- նկատեց Հայկ Գեղամյանը:
Smart Systems-ի գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ հայկական կայքերի վրա հաքերների հարձակման դեպքերն ավելանում են հատկապես այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում որևէ տոն է նշվում: Այս հարձակումն էլ կատարվել է հունվարի 29-ին՝ Հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի հաջորդ օրը։ Թեպետ, ըստ նրա, սա առանձնապես չպետք է մեզ շատ զարմացնի, քանի որ տեղեկատվական պատերազմի դարում ենք ապրում, և «հաքերային մարտերը» նույնպես այդ մեծ պատերազմի բաղկացուցիչ մասն են կազմում:

Smart Systems-ը դատի է տալու կանադական հայտնի ընկերությանը