Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի քննարկում
Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր` քաղցկեղի միջազգային օրվա նախօրեին, կազմակերպվել էր Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի առաջավոր ուռուցքաբանները:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Բժշկագիտության ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Դավիդովը շեշտեց այսպիսի հեռուստակամուրջների անհրաժեշտությունը` նշելով, որ ԱՊՀ երկրների կոնգրեսի շրջանակներում քննարկվում են ուռուցքաբանության կարևորագույն հարցերը:
«Այսօր դեղամիջողներով բուժումը զգալիորեն առաջադիմել է, և երեխաների 90 տոկոսի մոտ դրական ելք է գրանցվում առանց քիմիաթերապիայի կիրառման: Ուռուցքաբանությունը իր մեջ ներառում է մնացած բոլոր բժշկական ուղղությունները: Այսօր մենք կարող ենք անել այն, ինչ չէինք կարող 15 տարի առաջ»,- ասաց Միխայիլ Դավիդովը:
Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը հեռուստակամուրջի ընթացքում ներկայացրեց մեզ մոտ առկա խնդիրները ուռուցքաբանության ոլորտում:
«Մեր հիվանդների 40 տոկոսը գալիս են արդեն հիվանդության վերջին փուլում: Մենք ունենք և ճառագայթային, և վիրաբուժական միջամտության բոլոր հնարավորությունները: Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել ենք ռազմավարություն 2011-2018 թթ.` քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված: Հայտնի է, որ հիվանդի մոտ քաղցկեղ հայտնաբերում են ոչ թե ուռուցքաբանները, այլ առաջնային օղակի մասնագետները: Եվ անկեղծ ասած, առաջնային օղակում ուռուցքաբանության մասին ամեն ինչ չէ, որ գիտեն: Այդ պատճառով մենք մշակել ենք սխեմա, թե առաջնային օղակի մասնագետը ինչ հետազոտություններ պետք է անի քաղցկեղի հայտնաբերման համար»,- ասաց Գագիկ Բազիկյանը:
Խոսելով վիճակագրության մասին` Բազիկյանը նշեց, որ ուռուցքաբանության մեջ այն կազմվում է 100 հազար անձի հաշվարկով: Հայաստանում այդ վիճակագրությամբ գրանցվել է 270 հիվանդության և 170 մահացության դեպք: Տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս, ընդհանուր հիվանդների թիվը հասնում է 7.5 հազարի:
Բազիկյանն անդրադարձավ նաև ոչ ավանդական բուժման թեմային` նշելով դրա բացասական կողմերը:
«Մարդիկ դիմում են հեքիմներին ու էքստրասենսներին: Սրանք հանցագործներ են, որոնք խլում են մարդուց ժամանակը, որը նա կարող էր օգտագործել բուժվելու համար: Պետությունը պետք է հեռու պահի հանրությանը նման հեքիմներից»,- ասաց Գագիկ Բազիկյանը։
Ինչ վերաբերում է երեխաների մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքերին, ապա Հայաստանում նրանց թիվը հասնում է հարյուրի: Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի և մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգորի Բադալյանը նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում մեզ մոտ մանկական ուռուցքաբանության մեջ նկատվում է հիվանդության դեպքերի թվի կայունացում: Եվ հիվանդներից 70 տոկոսի մոտ բուժման արդյունքը լինում է դրական:
Ուկրաինայից ակադեմիկոս Վասիլի Չիխունն ասաց, որ Ուկրաինայում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 0,5-1 տոկոս աճ:
«Եթե մենք խոսում ենք բուժման արդյունավետության բարձրացման մասին, դա պայմանավորված է նրանով, որ հնարավոր է դարձել քաղցկեղի հայտնաբերում վաղ շրջանում: Ինչն էլ իր հերթին հնարավոր դարձավ փոխօգնության ու համագործակցության շնոհիվ: Բուժումը 40 տոկոս դեպքերում դրական արդյունք կապահովի, եթե ճիշտ կազմակերպվի պրոֆիլակտիկան ու նաև բուն բուժումը»,- ասաց Վասիլի Չիխունը:
Հեռուստակամուրջի մասնակիցներից Վրաստանի ուռուցքաբանության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռեզո Գագուան նշեց, որ Վրաստանում ֆինանսական խնդիրների պատճառով ուշ են դիմում բժշկի, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ և դժվարացնում է բուժումը:
«Սակայն Վրաստանի կառավարությունը ստանձնել է քաղցկեղի հայտնաբերման համար անհրաժեշտ ծախսերի որոշ մասի մարումը, ինչը հսկայական օգնություն է բնակչությանը, և արդյունքները ակնհայտ են: Քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերման դեպքերը զգալիորեն ավելացել են»,- ասաց Ռեզո Գագուան:
Բժիշկները ևս մեկ անգամ նշեցին, որ քաղցկեղից խուսափելու համար պետք է զերծ մնալ ծխախոտ օգտագործելուց, ճիշտ սնվել, քանի որ ճարպակալումը որոշիչ գործոն է: Քաղցկեղի զարգացմանը նպաստում է նաև ալկոհոլի չարաշահումը:










