Թողարկվել է աշխարհի առաջին «պլանշետային» թերթը
Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիաընկերությունը և ամերիկյան Apple ընկերությունը համատեղ թողարկել են «The Daily» թերթը, որն առաջին թերթն է, որ ստեղծված է հատուկ iPad պլանշետային համակարգիչների համար, հայտնում է նախագծի կայքը։
Էլեկտրոնային թերթի համար գրանցվելն արժե շաբաթական 99 ցենտ (մեկ տարի ժամկետով գրանցվելու դեպքում գործում է 39,99 դոլար արտոնավճար)։
iPad համակարգչի սեփականատերը թերթի թարմ համարը կստանան ավտոմատ։ Թերթն իր մեջ ներառում է հոդվածներ, լուսանկարներ և տեսագրություններ։ Նյութերը հնարավոր է ընկերներին փոխանցել Facebook սոցիալական ցանցի, միկրոբլոգների Twitter ծառայության կամ էլէկտրոնային փոստի միջոցով։
«The Daily» պարբերականը Նյու Յորքի Գուգենհեյմ թանգարանում անձամբ ներկայացրել են Մերդոկն ու ինտերնետային ծառայությունների գծով Apple–ի փոխնախագահ Էդի Քյուն (Eddy Cue)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագծում, որտեղ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 30 մլն դոլար, աշխատում է ավելի քան 100 մարդ։
iPad համակարգիչների համար նախատեսված թերթի թողարկումը News Corp. ընկերության պարբերականների օնլայն պարունակության դրամականացման ռազմավարության շարունակությունն է։ Այսպես, 2010թ. հունիսին մեդիաընկերությունը փակել էր ժողովրդականություն վայելող The Times և The Sunday Times բրիտանական պարբերականների ինտերնետային տարբերակների անվճար մուտքը։ Այս ռազմավարությունն ընդօրինակում են նաև այլ պարբերականներ. 2011–ին The New York Times թերթը մտադիր է իր օնլայն տարբերակից օգտվելու համար մասնակի վճար սահմանել։
Ի դեպ, «iSuppli» վերլուծական ընկերության կանխատեսումների համաձայն՝ 2011–ին կվաճառվի 43,7 մլն iPad համակարգիչ։










