2030թ.-ին աշխարհում քաղցկեղից կմահանա 11 մլն մարդ. այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է

10:47 • 04.02.11

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ եթե այս հիվանդության կանխարգելման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չիրականացվեն, 2005-2015թթ. ընթացքում աշխարհում քաղցկեղից մահացած անձանց թիվը կկազմի 84 մլն։
Քաղցկեղը համարվում է մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկը։ Օրինակ՝ 2008թ.-ին աշխարհում այս հիվանդությունից մահացել է 7.6 մլն մարդ, ինչը կազմում է բոլոր մահերի 13 տոկոսը։ Աշխարհում առավել տարածված են թոքերի, որովայնի, հաստ աղիի, լյարդի, կաթնագեղձի, արգանդի վզիկի քաղցկեղները։

Այս հիվանդությունից մահացության դեպքերի շուրջ 70 տոկոսը գրանցվում է աղքատ և զարգացող երկրներում։ ԱՀԿ-ն կանխատեսում է, որ քաղցկեղով հիվանդների թին աշխարհում կշարունակի աճել. արդեն 2030թ.-ին հիվանդությունից կմահանա 11 մլն մարդ։

ԱՀԿ մասնագետների դիտարկմամբ՝ քաղցկեղի դեպքերի 30 տոկոսը կարելի է կանխարգելել՝ չօգտագործելով ծխախոտ, օգտագործելով առողջ սնունդ, ցուցաբերելով ֆիզիկական ակտիվություն, կանխարգելելով ինֆեկցիոն հիվանդությունները։ Ծխելը քաղցկեղի առաջացման առաջին պատճառն է։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սթրեսները, ինչպես նաև ժառանգականությունը։

Գոյություն ունի քաղցկեղի մոտ 100 տեսակ, հիվանդությունը կարող է զարգանալ օրգանիզմի ցանկացած հատվածում։
ԱՀԿ մասնագհետները նշում են, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղով հիվանդների 1/3-ին հնարավոր է բուժել։

2030թ.-ին աշխարհում քաղցկեղից կմահանա 11 մլն մարդ. այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է