Google vs Microsoft. հսկաների պայքարը շարունակվում է

09:28 • 04.02.11

Google-ը Microsoft-ին մեղադրել է պլագիատի մեջ: Որոնողական հսկան վստահեցնում է, որ Microsoft-ը Bing որոնողական համակարգի մոդելը մասնակիորեն կրկնօրինակել է Google-ից: Սակայն վերջինս դեռ չի պատրաստվում դիմել դատարան, այլ առաջարկում է Bing-ի ծրագրային մշակման մասնագետներին ինքնակամ խոստովանել և պատմել մեքենայության մանրամասները:

Google-ի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Մեթ Քաթսը, որը պատասխանատու է որոնողական համակարգի աշխատանքի որակի համար, իր խմբի հետ միասին հայտնաբերել է միևնույն հարցմանը Bing-ի և Google-ի պատասխանների նմանությունը: Նրանք փորձարկումների միջոցով ապացուցել են, որ անգամ «ամենաանիմաստ» հարցումների պատասխանները լիովին համընկնում են: Google-ի ծրագրավորողները պարզել են, որ խոցելիությունը հենց Internet Explorer 8 ծրագրում է: Նրանց ենթադրությունների համաձայն` որոնման վահանակի վերին տողում տվյալների հարցման ներմուծման ընթացքում օգտագործվել է Google-ի ծրագիրը, իսկ հարցման մասին տվյալներն ու պատասխանները վերահասցեավորվել են Microsoft-ին:

Մինչդեռ Microsoft կորպորացիայի փոխնախագահ Հարի Շումը չի խոստովանել պլագիատի փաստը: «Մենք որևէ բան չենք կրկնօրինակում»,- ասել է նա` հավելելով, որ իրենք ընդլայնում են իրենց բազան` ստանալով օգտատերերի տվյալները, որոնք ինքնակամ տվյալներ են տրամադրում ընկերությանը: Ըստ Շումի` համացանցի զարգացումն անհնար կլիներ` առանց տեղեկատվության խմբակային օգտագործման: «Մենք սա ընկալում ենք որպես կասկածելի հաճոյախոսություն, սակայն ոչ մեղադրանք: Google-ը պարզապես չունի անհրաժեշտ տեխնիկական տվյալներ` հիմնավորելու իր մեղադրանքը»,- ասել է նա հնդկական The Economic Times-ին տված հարցազրույցում:

Google vs Microsoft. հսկաների պայքարը շարունակվում է