Երկիր մոլորակի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ տառապում է ավելորդ քաշից

08:37 • 05.02.11

Ըստ Lancet գիտական ամսագրի հրապարակած հետազոտության արդյունքների՝ Երկրի հասուն բնակչության 12%–ը, կամ յուրաքանչյուր տասներորդը տառապում է ավելորդ քաշից։

Հետազոտության արդյունքում ամերիկյան Հարվարդ համալսարանի և բրիտանական Կայսերական քոլեջի մի խումբ գիտնականներ հետազոտել են 1980-2008թթ. ամբողջ աշխարհում մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսի, խոլեստերինի մակարդակի և արյան ճնշման վերաբերյալ տվյալները։

Արդյունքում պարզվել է, որ 2008թ. ճարպակալությամբ են տառապել տղամարդկանց 9,85%-ը և կանանց 13,8%–ը։ Նրանց մարմնի զանգվածի ինդեքսը (մարդու զանգվածի և հասակի հարաբերակցությունը) կազմել է ավելի քան 30 կգ/քառ. մետր։ Ընդ որում 1980թ. այդ ցուցիչներն ավելի ցածր են եղել. տղամարդկանց մոտ` 4,8%, կանանց մոտ՝ 7,9%–ը։

Հետազոտության հեղինակների տվյալներով` հիմնականում ճարպակալությամբ տառապում են եկամուտի բարձր մակարդակ ունեցող բնակչությունները։

Մարմնի զանգվածի ինդեքսի ամենամեծ աճը վերջին 28 տարիների ընթացքում գրանցվել է ԱՄՆ–ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում (կանանց մոտ) և Մեծ Բրիտանիայում (տղամարդկանց մոտ)։

Ի դեպ, ըստ ամերիկացի և բրիտանացի գիտնականների՝ ամենագեր մարդիկ ապրում են Խաղաղ օվկիանոսի կղզիներում։ Եվրոպայում ամենագեր կանայք ապրում են Ռուսաստանում, ամենագեր տղամարդիկ՝ Չեխիայում և Իռլանդիայում։
Ավելորդ քաշի ավելի քիչ խնդիրներ ունեն Շվեյցարիայի կանայք, երկրորդ և երրորդ տեղերում են Ֆրանսիան և Իտալիան։

Երկիր մոլորակի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ տառապում է ավելորդ քաշից