Գերմանիայում մտադիր են բացել համալսարան, որտեղ դասավանդումը կանցկացվի ժեստերի լեզվով

13:05 • 05.02.11

Գերմանիայում մտադիր են բացել Եվրոպայում առաջին համալսարանը, որտեղ դասավանդումը կանցկացվի ժեստերի լեզվով, հայտնում է Deutsche Welle (Գերմանական ալիք) գործակալութունը։

Այս հետաքրքիր կրթական նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել առողջարանային Բադ Կրոյցնախ քաղաքում։

Նշվում է, որ դասավանդման համար ընտրվելու է գերմաներեն ժեստերի լեզուն, քանի որ ժեստերի լեզուները, ինչպես և սովորական ձայնավորված լեզուները, էականորեն տարբերվում են միմյանցից։ Այս բուհում բարձրագույն կրթության դիպլոմներ կարող է ստանալ 2000 ուսանող։

Համալսարանի բացման նպատակով դրամահավաք է կազմակերպվել, որով զբաղվում է բեռլինցի քիմիկոս Ինգո Բարտի գլխավորած նախաձեռնող խումբը։ Նա առաջին խուլ գիտնականն է, որը Գերմանիայում արժանացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական կոչումի։ Բուհի բացման համար, որը նախատեսվում է 2013–ին, անհրաժեշտ է 100 մլն եվրո։ Նախագծի հաջողությունը կախված է 2 գործոններից՝ նախաձեռնող խմբի գործունեությունից և քաղաքային ղեկավարության բարի կամքից։

«Գերմանիայում խուլերն իրավունք ունեն սովորել համալսարանի ցանկացած ֆակուլտետում, և դրա համար նրանց կցվում է թարգմանիչ։ Իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ թարգմանիչն օգնում է միայն դասախոսությունների ժամանակ, իսկ ահա դասամիջոցների ընթացքում խուլ ուսանողը հայտնվում է ժեստերի լեզվին չտիրապետող համակուրսեցիների շրջապատում»,–ասում է թարգմանչուհի Միխայելա Մաթեյը։

Ըստ նրա՝ Գերմանիյում այս ոլորտում աշխատում է ընդամենը 500 մասնագետ, որոնք երկրում բաշխված են անհավասարաչափ։
Ամեն օր ժեստերի լեզվի թարգմանիչների ծառայություններից օգտվում է մոտ 200 հազար մարդ։

«Խուլ ուսանողները ադմինիստրատիվ և կազմակերպչական խոչընդոտները հաղթահարելիս կորցնում են ոչ միայն իրենց էներգիան, այլ նաև տղամարդկությունը, և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ճաշարանի աշխատակիցներից մինչև տնօրեն տիրապետում են ժեստերի լեզվին, իմ կարծիքով, լավ գաղափար է»,–ասել է Համբուրգի համալսարանի ժեստերի լեզվի ֆակուլտետի պրոֆեսոր Ռենատե Ֆիշերը։
 

Գերմանիայում մտադիր են բացել համալսարան, որտեղ դասավանդումը կանցկացվի ժեստերի լեզվով