Նուդիստները iPhone–ի համար նոր ներդիր են մշակել

08:37 • 12.02.11

Մերկ վիճակում հանգստանալ և զվարճանալ սիրողների ասոցիացիան, որը գտնվում է Ֆլորիդայում, iPhone–ի համար նոր ներդիր է մշակել ու թողարկել։

Ինչպես հայտնում է Orlando Sentinel–ը, «Nakation» ներդիրը 2011–ի հունվարին մշակել է մոտ 50 հազար նուդիստների միավորող կազմակերպության անդամներից մեկը. այն ներկա պահին հասանելի է ներբեռնման համար։

Նուդիստների ասոցիացիայի նախագահ Սյուզան Ուիվերը պատմել է, որ «Nakation» ներդիրն ստեղծվել է, որպեսզի մերկ վիճակում ակտիվ հանգիստ սիրողները հնարավորություն ունենան շփվելու միմյանց հետ, ինչպես նաև ժամանակին տեղեկություն ստանան կազմակերպվող միջոցառումների և նուդիստական աշխարհի վերջին նորությունների մասին։

Այս ներդիրի օգնությամբ նուդիստական կազմակերպությունը հույս ունի իր շարքերը համալրել նոր անդամներով։ Հատուկ այդ նպատակով «Nakation» ներդիրում ավելացվել են նուդիզմի գաղափարին ու հիմնական սկզբունքներին վերաբերվող հարցերի պատասխանները, ինչպես նաև ասոցիացիայի գրասենյակների հասցեները։