Հայաստանում նևրոզներն ու հոգեկան տարբեր շեղումները բարդանում են. հոգեբույժ

16:10 • 15.02.11

Հայաստանում հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտոնական թիվը թեև հասնում է 45 հազարի, սակայն իրականում այդ հիվանդներն ավելի շատ են։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց հոգեբույժ Հարություն Մինասյան՝ նշելով, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում հոգեկան հիվանդների թիվը 80-100 հազար է կազմում։

«Սակայն դա էլ վերջնական թիվը չէ. ըստ միջազգային պրակտիկայի՝ ցանկացած երկրում հոգեբույժի կարիք ունի բնակչության 10 տոկոսը։ Եթե մենք մոտ 3 մլն ենք, ուրեմն հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թիվը մեր երկրում կազմում է շուրջ 300 հազար»,- նշեց մասնագետը։

Նա միաժամանակ հերքեց շրջանառվող այն տեսակետը, թե այսօր հոգեկան խանգարում ունեցողների թիվն ավելացել է. «Հոգեկան հիվանդությունը նոր հիվանդություն չէ, նման հիվանդներ միշտ էլ եղել են»։

Ըստ մասնագետի՝ այսօր Հայաստանում բարդանում են սոցիալական պատճառներով ի հայտ եկած նևրոզները, հոգեկան տարբեր շեղումները։ «Այսօր մարդիկ դժկամությամբ են գնում բուժման, դա գումարների հետ է կապված։ Մենք գործ ենք ունենում բարձիթողի, ծանր վիճակների հետ։ Դրանով է պայմանավորված հանրապետությունում քրեական իրավիճակի բարդացումը, սպանությունների, ինքնասպանությունների թվի ավելավումը»,- ընդգծեց Մինասյանը՝ հիշեցնելով, որ հոգեկան հիվանդությունների բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակներում։

Պաշտոնական թվերով՝ նախորդ տարի Հայաստանում 600 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցել։ Սակայն մասնագետի հաշկարկները ցույց են տվել, որ իրականում նման քայլի դիմող անձանց թիվը տարեկան հասնում է 700-ի։ «Դա նշանակում է, որ օրական 2 մարդ է ինքնասպանություն գործում։ Նրանց գերակշիռ մասը աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դա սոցիալական չարիք է մեր երկրի համար»,- իր մտահոգությունները ներկայացրեց հոգեբույժը։

«Գիտնականների մի մասը գտնում է, որ միայն հոգեկան հիվանդը կարող է ինքնասպանության դիմել, մյուս մասն էլ կարծում է, որ միայն ուժեղ կամքի տեր մարդը կարող է նման քայլի դիմել»,- նշեց հոգեբույժը։ Նա գտնում է, որ միայն հոգեկան հիվանդն է ինքնասպանության դիմում։ Իսկ առողջ մարդը նման քայլի դիմում է միայն այն դեպքում, երբ գտնվում է գիտակցության նեղացման կամ հոգեկան խանգարման կարճատև ընթացքի մեջ։

Հայաստանում նևրոզներն ու հոգեկան տարբեր շեղումները բարդանում են. հոգեբույժ