Սպառողը պետք է համոզվի, որ Հայաստանում արտադրվող դեղի որակն ավելի բարձր է. վարչապետ
Դեղագործությունը հեռանկարային ոլորտ է Հայաստանի համար և գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Այսօր «Արփիմեդ» դեղագործական ընկերություն կատարած այցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ծանոթացավ ընկերության նոր ստերիլ հոսքագծի տարածքի պաշտոնական բացման արարողությանը։
«Համոզված եմ, որ «Արփիմեդի» նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել բարձ որակի դեղեր։ Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի այդ դեղերն ունենան մեծ պահանջարկ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեր առողջապահական հիմնարկները օգտվեն այդ դեղերից։ Այս դեղերն արտադրվում են իդեալական պայմաններում, և սպառողը կարող է անհոգ լինել, որ դրանց որակը բարձր է»,- նշեց վարչապետը։
Նա կարևորեց կառավարության կողմից ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Սպառողը պետք է համոզվի, որ Հայաստանում արտադրվող դեղի որակն ավելի բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, մատչելի գին ունի»,- նշեց Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի խոսքով՝ տեղական դեղորայքը պետք է մատչելի գին ունենա, քանի որ «գնաճային ճնշումների ներքո գների աճը ճնշելը էական նշանակություն ունի մեզ համար»։
Նշենք, որ «Արփիմեդ» դեղագործական ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 150-ի, նրանց միջին աշխատավարձը 140 հազար դրամ է։
Ընկերությունն արտադրում է ավելի քան 130 անուն դեղամիջոց, որոնցից 65-ն ընդգրկված է ՀՀ հիմնական դեղերի ցանկում։
Ընկերության արտադրանքն արտահանվում է Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ուզբեկստան, իսկ այս տարվանից կարտահանվի նաև արաբական երկրներ։ Արտահանվում է արտադրանքի 30-40 տոկոսը:










