Հաքերները կոտրել են Կանադայի կառավարական կայքերը
Կանադայի կառավարական կայքերը աննախադեպ կիբեր հարձակման են ենթարկվել Չինաստանի կողմից, հաղորդում է CBC կորպորացիան՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Հաքերներին հաջողվել է կոտրել ֆինանսների նախարարության և գանձապետարանի համակարգերը և մուտք գործել գաղտնի ինֆորմացիա, հաղորդում է աղբյուրը։ Մասնավորապես նրանք մուտք են գործել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համակարգիչներ, որտեղ պահվում են տվյալների պետական բազայի գաղտնագրերը։ Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ հաջողվել է արդյոք հանցագործներին կոտրել «առավել անձնական» տեղեկատվություն պարունակող բազաները, օրինակ հարկային ծառայութայան տվյալների բազան, հաղորդում է հեռուստաալիքը։
Որոշ տվյալներով կառավարական սերվերների վրա հարձակում գործելու առաջին փորձը ձեռնարկվել է դեռևս հունվարի սկզբին։ Արդյունքում պարզվել է, որ հարձակումն իրականացվել է ՉԺՀ-ի տարածքից, սակայն արդյոք հանցագործները Չինաստնի քաղաքացիներ են կամ դրանով նրանք փորձել են «մաքրել հետքերը», հայտնի չէ։
Այս տեղեկությունները Կանադայի իշխանությունների կողմից պաշտոնապես չեն հաստատվել։ Մինչ այս, կառավարությունն ընդունել էր կիբեր հարձակման փաստը, սակայն նշել էր, որ կատարվել է «միայն փորձ», սակայն դրա հաջողության աստիճանի մասին ոչինչ չի ասվել։










