Սարդերն արձագանքում են մարդու հոտին
Այն սարդերը, որոնք որսում են մալարիա հիվանդության հիմնական տարածողներ Anopheles gambiae տեսակի մոծակների, արձագանքում են նաև մարդու հոտին։
Ինչպես պարզել են Բրիտանիայի և Քենիայի հետազոտողները, այդ ցատկասարդերն օժտված են մոծակներին գտնելու ունակությամբ՝ կողմնորոշվելով մարդու հոտով։
Իրենց փորձերի ժամանակ սարդերի համար որպես խայծ գիտնականներն օգտագործել են հագած գուլպաներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters գիտական ամսագրում։
Հեղինակների կարծիքով՝ Evarcha culicivora տեսակին պատկանող այս սարդը, որը հանդիպում է Արևելյան Աֆրիկայում, կարելի է օգտագործել մալարիայի դեմ պայքարում՝ թողնելով բնակվել մարդու տան մեջ։
Գիտնականները սարդերին տեղավորել են խցի մեջ, որտեղ թե կեղտոտ և թե մաքուր գուլպաներով տուփից օդ են բաց թողել. սարդերը հնարավորություն են ունեցել ցանկացած պահի լքել իրենց խուցը՝ շարժվելով դեպի հարևան խուց, որտեղ այդպիսի հոտավետ օդ չկար։ Սակայն պարզվել է, որ կեղտոտ գուլպաների հոտը շնչող սարդերը չեն ցանկացել լքել իրենց խուցերը։










