Հայաստանում ալերգիաների աճը պայմանավորված է կենսամակարդակի բարձրացմամբ. ալերգոլոգ

14:56 • 19.02.11

Հայաստանում վերջին տարիներին ալորգիայով հիվնանդներն ավելացել են, ինչը պայմանավորված է ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։

«Եթե հիմնվենք հիգինեայի հիպոթեզի վրա, կենսամակարդակի բարձրացմամբ է պայմանավորած ալերգիաների ավելացումը։ Ըստ այդ թեզի՝ ֆերմերների երեխաները, որոնք հողի և փոշու հետ ավելի շատ են շփվում, ալերգիաներ քիչ են ունենում։ Իսկ քաղաքներում ավելի շատ են հանդիպում ալերգիաներ։ Սակայն գիտնականները տարբեր թեզեր են առաջ քաշում, հետևաբար վերջնականապես պարզ չէ, թե ինչից են առաջանում ալերգիաները»,- նշեց մասնագետը։

Նա խորհուրդ է տալիս մայրերին առնվազն 6 ամիս կրծքով կերակրել նորածնին՝ հետագայում նրան ալերգիաներից զերծ պահելու համար։ Մասնագետը հերքեց տարածված այն տեսակետը, թե ցիտրուսները ոմանց մոտ ալերգիաներ են առաջացնում՝ նշելով, որ պետք չէ քորը շփոթել ալերգիաների հետ։ Փոխարենը նա հաստատեց, որ կաթը ոմանց մոտ դեռ վաղ տարիքից կարող է ալերգիայի առաջացման պատճառ հանդիսանալ։

Ալերգիաներն արտահայտվում են փռշտոցի, քթի քորի, արցունքաբերության տեսքով և սրվում են գարնանն ու աշնանը։
Անդրադառնալով բրոնխիալ ասթմային՝ Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ այն միայն ալերգիկ հիվանդություն չէ։ Ալերգիկ բրոնխիալ ասթման սրվում է գարնանը և աշնանը, իսկ ոչ ալերգիկը մարդուն կարող է անհանգստացնել ամբողջ տարվա ընթացքում։ Բրոնխիալ ասթման սրում են նաև վիրուսային հիվանդությունները։ Հետևաբար մասնագետնն այս հիվանդներին խորհուրդ են տալիս հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկների մշտական հսկողության տակ լինել։

Ասթմայի հիմնական ախտանիշները դժվարաշնչությունը, հազը, խզոցներն ու կրծքավանդակում սեղմոցի զգացողությունն են։
Մասնագետը նշեց, որ ալերգիաները նաև շատ արագ կարող են մահվան հանգեցնել՝ որպես օրինակ նշելով միջատների խայթոցի հետևանքով բրոնխիալ ասթմայի ծանր նոպաներից մահացության դեպքերը։

Հայաստանում ալերգիաների աճը պայմանավորված է կենսամակարդակի բարձրացմամբ. ալերգոլոգ