Գործարկվեց www.baku.am կայքը. ադրբեջանցիները կարող են ծանոթանալ իրենց մայրաքաղաքի իրական պատմությանը

13:34 • 23.02.11

Հայոց ցեղասպանություն թանգարան–ինստիտուտը այսօր հանրությանը ներկայացրեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող եզակի եռալեզու (հայրերեն, ռուսերեն, անգլերեն) կայքը՝ www.baku.am հասցեով։ Կայքում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները ներկայացնում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության և ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը։

Կայքում զետեղված «Հայերը Բաքվում» խորագրով նյութը ներկայացնում է Բաքվում ապրած հայերի պատմությունը։
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, կայքում տեղ է գտել նաև մի յուրահատուկ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Բաքվում տարբեր ոլորտներում աշխատել են անվանի հայ մասնագետներ։ Ավելին, փաստաթուղթն ապացուցում է, որ Բաքվի նավթային ընկերությունների և նավթատար նավերի մեծ մասը պատկանել են հայերին։ Այդ ընկերություններում աշխատողների 90 տոկոսը հայեր են եղել։ Ներկայացվում է, որ առաջին նավթամուղն աշխարհում կառուցվել է Բաքվում հայերի կողմից։ Կայքում նաև ներկայացվում է, որ Բաքվում գործունեություն են ծավալել շատ գործարարներ։ Այստեղ տեղ են գտել նաև գովազդներ, որոնք, ըստ Դեմոյանի, Բաքվում հայկական ներկայության յուրօրինակ սկզբնաղբյուր են։

«Այս կայքի պատրաստումը յուրօրինակ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացությանը և հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին։ Նպատակը երիտասարդ ադրբեջանիցիների համար իրենց մայրաքաղաքի պատմության վերաբերյալ այլընտրանքային տեղեկատվություն ապահովելն է։ Այս կայքին ծանոթանալուց հետո շատ ադրբեջանցիներ իրենց մայրաքաղաքին այլ աչքով կնայեն և հայկական ներկայությունը կզգան ամեն մի շենքի կողքով անցնելիս»,– ընդգծեց Դեմոյանը։

Ըստ նրա՝ կայքի միջոցով փորձ է արվում առանց ատելության լեզվի, առանց ազգային գերակայություն քարոզելու, ակադեմիական լեզվով և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացնել Ադրբեջանի մայրաքաղաքի իրական պատմությունը, որն էականորեն տարբերվում է այդ երկրի այսօրվա ղեկավարության ներկայացրածից։

Կայքում տեղ են գտել նաև 1905, 1918 և 1990թթ.–ին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածները ներկայացնող փաստաթղթեր ու լուսանկարներ, կոտորածների հետևանքով փախստական դարձած հայերի պատմությունը։ Լուսանկարների շարքով ներկայացվում է նաև 1918թ.–ին հայերի կողմից Բաքվում տարած ինքնապատշպանական փայլուն մարտերը։ «Բաքուն մենք համարել ենք երեք ջարդերի մայրաքաղաք»,– ընդգծեց Դեմոյանը։

Կայքում նշվում է, որ հայ ճարտարապետներն են նախագծել Բաքվի շատ հայտնի շենքեր, այդ թվում՝ նավթային խոշոր համալիրը։ Ներկայացվում է նաև հայերի մշակութային կյանքը, Բաքվի հայկական թատրոնների և հայ դերասանների մասին տեղեկատվություն։ Նշվում է, որ առաջին հայատառ գիրքը Բաքվում հրատարակվել է 1872թ.։

«Հայ գործարարների միջոցներով և հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցված շենքերը մինչ օրս էլ զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաքը»,– նշեց Դեմոյանը։

 

Գործարկվեց www.baku.am կայքը. ադրբեջանցիները կարող են ծանոթանալ իրենց մայրաքաղաքի իրական պատմությանը