Facebook-ին և Twitter-ին հետաքննություն է հայտարարվել

09:25 • 25.02.11

ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (Securities and Exchange Commission, SEC) սկսել է հետաքննել ոչ հանրային ընկերությունների բաժնետոմսերի արտաբորսայական վաճառքների արդյունքները: Փորձագետների կասկածների պատճառը միջնորդ ընկերություններն են, որոնք մասնակցել են Facebook և Twitter սոցցանցերի բաժնետոմսերի վաճառքներին: Մասնավոր տեղաբաշխումների ընթացքում ներդրողները Facebook-ը և Twitter-ը գնահատել են համապատասխանաբար $50 մլրդ և $3,4 մլրդ, սակայն ընկերությունների գները շարունակում են աճել:

Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերը վաճառվել են երկու տրանշով: Առաջին տրանշի ընթացքում ներդրումային ռուսական Digital Sky Technologies-ը և ամերիկյան Goldman Sachs բանկը սոցցանցում ներդրել են համապատասխանաբար $50 մլն և $450 մլն: Այնուհետ Goldman Sachs-ը ներդրողներին վաճառել է Facebook-ի $1մլրդ-ի բաժնետոմս: Ընդ որում` սոցցանցի բաժնետոմսերը վաճառվել են` հիմք ընդունելով նրա $50 մլրդ գինը: Մեծ արձագանք ստացած այս գործարքները հարկադրել են SEC-ին մեծացնել ոչ հանրային ընկերությունների բաժնետոմսերի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը:

Ոչ հանրային ընկերությունների բաժնետոմսերը սովորաբար վաճառվում են մասնագիտացած էլեկտրոնային հարթակներում: ԱՄՆ-ում այդ բորսաներից ավելի հայտնի են SecondMarket Inc.-ը և Shares Post Inc.-ը: Facebook-ի բաժնետոմսերի վաճառքից հետո SEC-ի փորձագետների մոտ կասկածներ են առաջացել, որ վաճառքի կազմակերպիչների միջև առկա է շահերի բախում:

Ըստ ամերիկյան MarketWatch-ի` SecondMarket-ն ու SharesPost-ն արդեն համագործակցում են SEC-ի հետ: Էլեկտրոնային այս երկու հարթակները հավաստիացրել են, որ ներդրողների պաշտպանության նպատակով մի շարք միջոցառումներ են ձեռնարկել, այդ թվում՝ բաժնետոմսերի վաճառքի կանոնների վերահսկման բաժնի ստեղծումը:

Ըստ SharesPost-ի ղեկավար Դեյվիդ Վեյրի` ընկերությունը ջանքեր է գործադրում ներդրողներին հավաստի տեղեկատվություն տրամադրման ուղղությամբ: Ի դեպ` SharesPost-ը իր մատուցած ծառայությունների դիմաց ստանում է 2-5% միջնորդավճար:

SEC-ի հիմնական բողոքն այն է, որ միջնորդները հրապարակում են ընկերությունների շուկայական գինը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ի դեպ` հենց այս գնահատականներն են կտրուկ թանկացրել Twitter-ը (մինչև $10 մլրդ) և շարունակում են թանկացնել Facebook-ը: Այսպես` ըստ SharesPost-ի ներկայացուցիչների` նախորդ շաբաթ Facebook-ն արժեցել է $84 մլրդ, քանի որ վերջին գործարքի ընթացքում սոցցանցի մեկ բաժնետոմսը՝ $37 էր: Ըստ 1000 ներդրողի շրջանում Bloomberg-ի անցկացրած հարցման տվյալների` ներդրողների մի մասն այս գինն արդար է համարում, իսկ 69%-ը` ոչ համարժեք:

«Կապիտալ» օրաթերթ

Facebook-ին և Twitter-ին հետաքննություն է հայտարարվել