Հայաստանում երեխային կրծքով կերակրելը կամրագրվի օրենքով
Հայաստանում առաջին անգամ օրենքով կամրագրվի երեխաներին կրծքով կերակրելը։ Այդ նպատակով մասնագետները մշակել են «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սնունդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում հանրային քննարկման կդրվի։
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը, օրինագծի հիմնական նպատակը կրծքով սնուցումը խրախուսելն ու երեխաների մոտ ի հայտ եկող հիվանդությունները կանխարգելելն է։ Օրենքով մայրական կաթը համարվել է որակյալ, արդյունավետ և այլընտրանք չունեցող սնունդ։
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը կարևորեց երեխաներին կրծքով կերակրելը՝ մայրերին հիշեցնելով, որ դա առողջ երեխա մեծացնելու հիմնական գրավականն է։
«Ես կուզեմ ապացույցների վրա կառուցված մի քանի ցուցանիշ բերել։ Կուրծք ուտող երեխաները 7 անգամ ավելի քիչ են հիվանդանում թոքաբորբով, շուրջ 20 անգամ ավելի քիչ են հիվանդանում փորլուծային հիվանդություններով, և կրծքով մեծացած երեխաների մահացության ռիսկը 10 անգամ ավելի ցածր է, քան այլ սնունդով մեծացած երեխայի»,- նշեց Կարինե Սարիբեկյանը։ Ըստ նրա՝ եթե անգամ պետությունը մանկական հիվանդությունների նվազեցման ծրագիր չունենա, սակայն խրախուսի կրծքով կերակրելը, առնվազն 10 տոկոսով հնարավոր կլինի նվազեցնել մանկական մահացությունները։ Սարիբեկյանը նշեց, որ հայերի մեջ տարածված «հալալ կաթնակեր» արտահայտությունը հենց կրծքով կերակրելու խորհուրդն է։
Մասնագետը նշեց նաև, որ կրծքի կաթի մեջ կա երեխաների նյարդերը հանգստացնող նյութ, ինչը փոքրիկներին զերծ է պահում սթրեսներից։ Կրծքով կերակրելը կարևոր է նաև մայրերի առողջության համար. դա կանխարգելում է կրծքագեղձի քաղցկեղը։
«Եթե մենք մեր առջև դնենք մի հարց, թե որտեղ է բնակչության առողջության հիմքը, պետք է հստակ ասել, որ հիմքը, սկիզբը դա կրծքով սնուցումն է։ Կրծքով սնվող երեխան միանգամից ստանում է այն բոլոր նյութերը, որոնք թույլ են տալիս նրան դիմակայել շրջակա միջավայրի խնդիրներին և զարգանալ, ապագայում առողջ լինել»,- նշեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Օրենքով նաև նախատեսվում է աշխատավայրերում ստեղծել պայմաններ, որպեսզի կինը հնարավորություն ունենա կրծքով կերակրել իր երեխային։
Ըստ օրենքի՝ բուժաշխատողները մայրերին կրծքի կաթի արդյունավետության մասին տեղեկատվություն կտրամադրեն։
Մասնագետները վերլուծել են, որ երեխա ունեցող մայրերի 95 տոկոսն ի վիճակի է կրծքով կերակրելու իր երեխաներին։ Միայն 5 տոոկս դեպքերում է, երբ մայրն ունի այնպիսի հիվանդություն, որը հակացուցված է կրծքով կերակրելու համար։
Նշենք, որ օրենսդրորեն Հայաստանում արգելված է մինչև վեց ամսական երեխաների համար նախատեսված արհեստական կերերը, կերակրման շշերը և ծծակները գովազդելը։ Ըստ Սուրեն Քրմոյանի՝ դրանով «մենք փորձում ենք կանխել երեխաներին և մայրերին սպառնացող վտանգը և առողջ ապրելակերպ քարոզել»։










