Ռոբերտ Զեբելյան. Ցանկություն ունեմ ամռանը տեղափոխվել ուրիշ ակումբ

14:56 • 13.05.11

Հայաստանի հավաքականի և Մինսկի «Դինամոյի» հարձակվող Ռոբերտ Զեբելյանը վերջերս շատ քիչ է մասնակցում իր թիմի հանդիպումներին, սակայն նախապատրաստական փուլի ընթացքում և Բելառուսի առաջնության առաջին հանդիպումներում արդյունավետ խաղ էր ցուցադրում, «Դնեպրի» (Մոգիլևա) հետ հանդիպմանը նրա խփած գոլը հաղթանակ է պարգևել «Դինամոյին»։

ArmSport.am-ը Զեբելյանից փորձել է պարզել, թե որն է պահեստայինների թվում հայտնվելու պատճառը։

- Ինչու՞ եմ այդքան քիչ խաղում։ Գիտեք, ես չեմ կարող խոսել դրա մասին. ուղղակի իրավունք չունեմ։ Կասեմ միայն, որ ես վնասվածք չունեմ և անվստահություն գլխավոր մարզչի կողմից չկա։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել։

- Իսկ, հնարավո՞ր է, որ դուք փոխեք ակումբը։

- Ես այդպիսի ցանկություն ունեմ, սակայն ժամանակից շուտ ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ։

- Անդրադառնանք Հայաստանի հավաքականին։ Ռուսաստանի հետ առաջին հանդիպմանը Դուք հրավեր էիք ստացել, սակայն հայտավորված չէիք։ Սպասու՞մ եք արդյոք, որ ձեզ կհրավիրեն Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը։

- Թիմի կազմը ընտրում է գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Միայն նա կարող է որոշել, թե ում հրավիրել, ում՝ ոչ։ Եթե ինձ հրավիրեն, ես ուրախությամբ կընդունեմ հրավերը և ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները ռուսների հետ արտագնա խաղում։

- Լիովին իրական է դրական արդյունք ցույց տալը։ Հայաստանի հավաքականում այժմ լավ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են դաշտ դուրս գալ և հավասար պայքարել ցանկացած հավաքականի դեմ...

- Նույնիսկ հակառակորդի դաշտու՞մ։

- Իսկ ինչու՞ ոչ։ Ռուսաստանի հավաքականը խաղում էր սեփական հարկի տակ Սլովակիայի հետ, այդպես չէ՞։ Չէ որ նրանք պարտվել էին Մոսկվայում, իսկ Հայաստանի հավաքականը վստահ հաղթել է այդ թիմին։ Սա ֆուտբոլ է, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Իսկ շանսեր միշտ էլ կան։

- Կա՞ն արդյոք Ռուսաստանի հավաքականում խաղացողներ, որոնց դեմ խաղացել եք և ավելի լավ եք ծանոթ նրանց հնարավորություններին։

- Ես Ռոման Շիրոկովի հետ նույն թիմում եմ խաղացել։ Ծանոթ եմ Յուրի Ժիրկովի հետ։ Շատ բարձր մակարդակի, հիանալի ֆուտբոլիստեր են։

- Իսկ բոլորից շատ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ումի՞ց պետք է զգուշանան։

- Ես չէի ցանկանա ոչ մեկին առանձնացնել. այդ թիմում շատ են լավ խաղացողները։ Բայց թե ով նրանցից Հայաստանի հետ խաղում գոլ կխփի, դժվար է կանխագուշակել։ Օրինակ, Անդրեյ Արշավինը, որը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն Երևանում այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր վարպետությունը։ Այնպես, որ Ռուսաստանի հավաքականը վտանգավոր է ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին խաղացողներով։