Ճապոնիայի «Համաոկա» ԱԷԿ–ը դադարեցրել է իր աշխատանքը
Այսօր դադարեցվել է Ճապոնիայի «Համաոկա» ԱԷԿ–ի աշախատանքը։ Ատոմակայանի 5–րդ՝ վերջին աշխատող ռեակտորի աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Համաոկան» գտնվում է պոտենցիալ վտանգավոր գոտում։ Երկրաշարժագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 30 տարվա ընթացքում ատոմակայանի շրջանում, ամենայն հավանականությամբ, մինչև 8 մագնիտուդով երկրաշարծ տեղի կունենա։
«Համաոկա» ԱԷԿ–ում, ընդհանուր առմամբ, 5 ռեակտոր կա։ 2011թ. մայիսի դրությամբ աշխատում էին դրանցից երկուսը միայն՝ 4–րդը և 5–ը։ 1–ը և 2–ը փակվել էին դեռևս 2009թ., 3–րդի աշխատանքը դադարեցվել էր պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով։ Իսկ 4–րդի աշխատանքը դադարեցվել էր մայիսի 13–ին։
«Համաոկա» ԱԷԿ–ը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյից 200 կմ հարավ–արևմուտք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի առնվազն 2 տարով, ինչի հետևանքով, մասնագետների կարծիքով, երկրում էլեկտարաէներգիայի պակաս կառաջանա։
Մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, հովացման համակարգի խափանման հետևանքով, արտակարգ դրություն մտցվեց:Ատոմակայանի առաջին, երրորդ և երկրորդ էներգաբլոկներում պայթյուններ տեղի ունեցան, ավելի ուշ՝ պայթյուն և հրդեհ չորրորդ էներգաբլոկում։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ճապոնիայի մի շարք շրջաններում ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել ծովի, խմելու ջրի, ինչպես նաև սննդամթերքի մեջ։
Ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում վտանգավորության մակարդակն առավելագույն` յոթերորդ աստիճանի է հասցրել։ Մինչ այդ ատոմակայանում վտանգավորության հինգերորդ աստիճան էր սահմանվել։ Միջուկային վտանգի առավելագույն մակարդակ մինչ այդ հաստատվել էր միայն մեկ անգամ՝ 1986թ. Չերնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ։
Վերջերս ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությունը հայտարարեց, թե վթարի ենթարկված ատոմակայանում իրադրությունը հնարավոր կլինի հսկողության տակ առնել 6-9 ամսվա ընթացքում։ Իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում կհաջողվի զգալիորեն նվազեցնել ռադիացիայի արտահոսքի մակարդակը։










