ԱՄՆ-ը սահմանել է ինտերնետում իր առաջնահերթությունները

22:56 • 17.05.11

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընդունել է «Ինտերնետ-տարածության վերաբերյան միջազգային ռազմավարություն»: Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

30 էջանոց փաստաթղթում մասնավորապես ասված է, որ ԱՄՆ-ի նպատակը բաց, հուսալի, անվտանգ ու փոխազդեցության հնարավորություն ապահովող ինտերնետ-տարածության կառուցումն է: Այդ նպատակին հասնելու համար ինտերնետ-տարածության բոլոր մասնակիցներին համագործակցության, ինչպես նաև ինտերնետի անվտանգությունն ապահովելու նպատակով անվտանգությանը սպառնացողներին հակազդելու առաջարկ է արվում:

Փաստաթղթում նշվում է նաև ինտերնետ-տարածության զարգացման ոլորտում ԱՄՆ 7 առաջնահերթությունները: Դրանք են` տնտեսության ու առևտրի ոլորտներում միջազգային ստանդարտների ներմուծումն, այդ թվում նաև` մտավոր սեփականության իրավունքի պահպանության վերահսկողության ուժեղացումը, ցանցերի անվտանգության ապահովումը, օրենսդրության կատարելագործումը, ռազմական համագործակցությունը, կարգավորիչ համակարգերի ստեղծումը, գիտելիքների ու փորձի փոխանակությունը և ինտերնետից օգտվողների հիմնական իրավունքների պահպանության վերահսկողությունը, այդ թվում նաև` անձնական տվյալների գաղտնիության իրավունքը:

Փաստաթղթի նախաբանը կազմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախաբանում նախագահն առաջարկում է մյուս երկրներին միանալ այս նախաձեռնությանը:
 

ԱՄՆ-ը սահմանել է ինտերնետում իր առաջնահերթությունները