Աշոտյանի անվան մրցանակ. սահմանել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խումբը

16:50 • 17.05.11

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովը հիմնել է «մրցանակ», որով առանձնացվում և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին և հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները: Այս մասին նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Նախաձեռնությունն առանձնացրել է այն գործիչների անունները, որոնց գործունեությունն առավել վնասաբեր է եղել հայոց լեզվի պահպանության և հայալեզու կրթության համար և սահմանել համացանցային քվեարկության կարգ, որով էլ ընտրվել են մրցանակակիրները։ Ներկայացվածների թվում են նաև  Հայաստանի նախագահն ու վարչապետը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, այն 69 պատգամավորները, որոնք 2010 դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի և հանրակրթության օրենքների փոփոխությունները, Արտաշես Գեղամյանը, «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ՝ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրիգորյանը, Էնդրյու Մկրտչյանը, Հրանտ Պողոսյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Ռուբեն Վարդանյանը, Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Մրցանակը կոչվում է Աշոտյան-Դելյանովի անվան, քանի որ, ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախարար Արմեն Աշոտյանը բացառիկ «ներդրում» է ունեցել օտարալեզու դպրոցների օրինագծի ստեղծման, պաշտպանման և ընդունման գործում, իսկ ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան)՝ Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ.) փակվել են հայկական դպրոցներ:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին, ժամը 16։00-ին Մատենադարանի հարակից տարածքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակաբախշության արարողության ընթացքում հայտնի կդառնան առցանց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրված հաղթողների անունները:

Աշոտյանի անվան մրցանակ. սահմանել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խումբը