Սաթի կտորում հայտնաբերել են 49 մլն տարեկան սարդ

22:30 • 18.05.11

Համակարգչային տոմոգրաֆիայի նորագույն տեխնոլոգիաները գիտնականներին հնարավորություն են ընձեռել ուսումնասիրել 49 միլիոն տարվա սարդին, որը մնացել է սաթի կտորի մեջ:

Սաթը հանդիսանում է հին միջատների` սարդանմանների և այլ մանր միջատների մնացորդների հարուստ աղբյուր: Կենդանիները խրվում էին կպչուն խեժում, որը ժամանակի ընթացքում կարծրանում էր` դառնալով միջատների դամբարան:

Հասարակ միջոցներով սաթի պարունակությունն ուսումնասիրել չէր հաջողվում: Այդ իսկ պատճառով գիտնականներն օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիան ու համակարգչային մոդելավորում են կատարել: Արդյունքում գիտնականներին հաջողվել է ստանալ սարդի եռաչափ պատկերը:

Պարզվել է, որ 49 մլն տարեկան սաթում գտնվող սարդը Sparassidae ընտանիքին է պատկանում, որի ներկայացուցիչները մինչ օրս բնակվում են Հարավային Եվրոպայում ու տրոպիկական անտառներում: Sparassidae խմբի սարդերը խոշոր ու շարժուն են:

Վերջերս Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են 50 մլն տարեկան սաթի մի կտոր, որում եղել են մեծ քանակությամբ միջատներ ու սարդեր:
 

Սաթի կտորում հայտնաբերել են 49 մլն տարեկան սարդ