Ավագ դպրոցները միջազգային ճնշումների ներքո չեն ձևավորվել. Աշոտյանը պատասխանում է քննադատություններին
Ավագ դպրոցների կայացման կամ չկայացման մասին խոսելը ժամանակավրեպ է։ Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանն ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այդ ուղղությամբ հնչեցվող քննադատություններին։ «Անգամ երեք լիարժեք դասարան մենք դեռ չունենք ձևավորած, և ընդամենը այս սեպտեմբերի 1-ին է, որ մեր դպորցներն առաջին անգամ կունենան 12-րդ դասարաններ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ 2008թ.-ից նախարարությունը ավագ դպրոցների ձևավորման դժվարին ճանապարհն է անցնում։
Աշոտյանը պատասխանեց նաև այն պնդումներին, թե Հայաստանում ավագ դպրոցները միջազգային կառույցների ճնշումների ներքո են ձևավորվել։
«Իրականում ինքներս հավատում ենք և կարծում ենք, որ ավագ դպրոցների ձևավորումն այն երևույթն է լինելու, որ թույլ կտա հայաստանյան հանրակրթությանը բարձրանալ որակապես նոր մակարդակի»,- ասաց ԿԳ նախարարը։
Նա նշեց, որ ավագ դպրոցներում դեռ կան դասագրքերի, ծրագրերի հստակեցման, դասավանդողների ընտրության խնդիրներ՝ շեշտելով, որ այդ դպրոցներում լավագույն մասնագետների կողմից պետք է դասավանդվեն լավագույն ծրագրեր։
Նշենք, որ այսօր ԵՊՀ-ում համագործակցության պայմանագիր կնքվեց բուհի և Երևանի ավագ դպրոցներից 5-ի միջև։ Ըստ պայմանագրի՝ հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն ավագ դպրոցների աշակերտների և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի միջև։ Բացի այդ, ավագ դպրոցների ուսուցիչներին հնարավորություն կընձեռվի մասնակցել բուհում կազմակերպվող գիտաժողովներին ու սեմինարիներին, իսկ դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար ԵՊՀ կողմից կսահմանվի անվանական կրթաթոշակ։
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ պետական համալսարանի օրինակին հետևելու են ևս 3-4 պետական բուհեր։










