Մերդոկը քննադատել է զարգացած երկրների կրթական համակարգը
Հայտնի մեդիա-մագնատ, աշխարհի 5 մայրցամաքում զանգվածային լրատվամիջոցների ու կինոընկերությունների սեփականատեր Ռուպերտ Մերդոկը խիստ քննադատության է արժանացրել զարգացած երկրների կրթական համակարգը: Նրա համոզմամբ` զարգացած երկրների կրթական համակարգը հնացել է: Մերդոկը առաջարկել է դասավանդման գործընթացում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ:
«Թվային տեխնոլոգիաների զարգացումն աշխատանքն ավելի արդյունավետ է դարձրել, դրանց շնորհիվ բացվել են նոր աշխատատեղեր, և մենք վերջապես ձերբազատվել ենք ժամանակի ու տարածության դաժանությունից: Այս ամենը վերաբերում է բոլոր ոլորտներին, բացի կրթության ոլորտից»,-ասել է Մերդոկը:
Նա ընդգծել է, որ դասավանդման մեթոդիկան փոփոխության չի ենթարկվել, իսկ դասագրքերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, հաղորդում է «Ռիա նովոստին»:
«Դպրոցական դասարանները համարյա նույնպիսին են, ինչպիսին 19-րդ դարում. մեծ սև գրատախտակի մոտ աշակերտների առաջ կանգնած է ուսուցիչը»,-հեգնել է մեդիա-մագնատը:
Նա կոչ է արել լրջորեն զբաղվել կրթական համակարգի բարեփոխումներով, քանի որ, ըստ նրա, ժամանակակից ընկերությունների հիմնական կապիտալը մարդն է:










