Ցուկերբերգը խնդրում է հանգիստ թողնել ինտերնետը

15:25 • 26.05.11

Ինտերնետին և տեխնոլոգիաներին նվիրված՝ G8–ի ֆորումի ժամանակ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը և Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «Մեծ ութնյակի» երկրների կառավարություններին կոչ են արել չխստացնել ինտերնետի ոլորտում օրենսդրությունը, քանի որ դա կվնասի հենց օնլայն միջավայրի գաղափարին։ Այս մասին հայտնում է ռուսական Rian.ru կայքը՝ վկայակոչելով  Reuters գործակալությունը։ «Մարդիկ հավանություն են տալիս նրան, թե ինչ դեր խաղաց Facebook–ը արաբական հեղափոխություններում, սակայն վախենում են, որ սոցիալական ցանցն անձնական ինֆորմացիան հավաքելու հնարավորություն է տալիս։ Մեկն առանց մյուսի, սակայն, անհնար է։ Չի կարելի առանձնացնել ինտերների այն ասպեկտները, որոնք ձեզ դուր են գալիս և խստորեն վերահսկել մյուսները»,– հայտարարել է Ցուկերբերգը։

Իսկ Շմիդտը նշել է, որ տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, քան կառավարությունները, «ուստի օրենքները չպետք է ընդունել ավելի շուտ, քան դրանց հետևանքները գիտակցելու հնարավորություն կառաջանա»,– ասել է Շմիդը։

Ֆորումն անցկացվել է Մեծ ութնյակի գագաթնաժողովի բացման նախաշեմին՝ մայիսի 24–25–ը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ։

Սարկոզին, բացելով ֆորումը, նշել էր, որ պետությունները չեն կարող ինտերնետի օգտագործման բացարձակ ազատություն թույլ տալ, և պետք է խիստ վերակսկողություն սահմանեն ինտերնետի նկատմամբ՝ ինֆորմացիոն հանցագործությունները կանխելու և օգտատերերի՝ ստեղծագործական միտքը խթանելու համար»։

Ֆորումն ավարտվեց, իսկ մասնակիցները քննարկվող խնդիրների վերաբերյալ ընդհանուր հայտարարի, այդպես էլ, չեկան։

Ցուկերբերգը խնդրում է հանգիստ թողնել ինտերնետը