Հայաստանում մեկնարկում է կիբերսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլը

13:41 • 23.09.11

Edge Gaming ընկերությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ, հայտարարում են ESWC (Electronic Sports World Cup) կիբերսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին:

Մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձևերում. առաջնությունն անցկացվում է 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 և FIFA 11 ձևերով և հոկտեմբերի 1-2-ը Congress հյուրանոցում Counter-Strike և Call of Duty ձևերով. FIFA 11 խաղային մարզաձևում լավագույն 2 խաղացողները կստանան գլխավոր մրցանակ` Ֆրանսիայում կայանալիք ESWC քարորդ եզրափակիչի ուղեգրեր:

Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.edge.am կայքում:

«Մեր ընկերության համար կիբերխաղերի առաջնություններին սատարելը` ևս մի հնարավորություն է աջակցելու հայ երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների զարգացմամբ ի հայտ է գալիս շփվելու նոր մշակույթ, երիտասարդները հետաքրքրվում են տեխնիկական առաջընթացի արդիական միտումներով, և համակարգչային սպորտը` բացառություն չէ: Վստահ եմ, որ ինտերնետի տարածմանը զուգահեռ Հայաստանում կբարձրանա նաև կիբեռխաղերի հանդեպ հետաքրքրությունը, իսկ մեր երիտասարդները կզբաղեցնեն պատվավոր տեղեր համաշխարհային առաջնությունների հաղթողների շարքում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայ մարզիկների համար ESWC առաջնությանը մասնակցելը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև կիբեռսպորտի աշխարհում իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերության հետ, որն այս տարի աջակցում է Հայաստանում համակարգչային խաղերի երկրորդ խոշոր առաջնությանը: Հուսով ենք, որ հայ երիտասարդներին դուր կգա մեր առաջնությունը», - նշել է Edge Gaming ընկերության տնօրեն Էդգար Սահակյանը:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկներ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար: