Ռուսաստանը «ինտերնետային» հեղափոխությունների դեմ ՄԱԿ–ի բանաձև է առաջարկում
Ռուսաստանի ԱՆվտանգության խորհուրդն ու Արտաքին գործերի նախարարությունը կոնվենցիայի նախագիծ են մշակել, որն ուղղված է պետությունները «ինտերնետային հեղափոխություններից և արտաքին կիբերմիջամտություններից պաշտպանելուն։
«Коммерсант»-ի տեղեկացմամբ, փաստաթղթում հիմնական կիբերսպառնալիքներից են համարվում «թշնամական գործողություններ և ագրեսիայի ակտեր իրականացնելու նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը» և «պետության ու հասարակության ապակայունացման նպատակով բնակչության զանգվածային հոգեբանական մշակումը»։
Ռուսաստանն առաջարկում է ինտերնետային նորմեր սահմանել և վերահսկել այն սեփական օրենսդրության համապատասխան։ Ենթադրվում է, որ այդ դեպքում կառավարությունները իրավունք կունենան սահմանափակումներ մտցնել «ազգային և հասարակական անվտանգությունն ապահովելու համար»։
Պարբերականի աղբյուրները նշում են , որ առաջարկվող կոնվենցիան նպատակ ունի հակակշռել մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ–ի քաղաքականությունը, որոնք ավելացնում են կիբերհնարավորություններն ու նույնիսկ համապատասխան զորքեր ստեղծում։










