Հայ ֆերմերները համացանցային կայք կունենան
Ազգային համագործակցության ցանց (ԱՀՑ) պորտալում կգործի համահայկական farmers.am կայքը։ Նախատեսվում է, որ կայքում կգրանցվեն 200 հազ. գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր էջը՝ իրենց հնարավորությունները, ծրագրերը և փորձը ներկայացնելու համար։ Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց պորտալի հիմնադիր Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը։
Նրա խոսքով, ֆերմերների կայքի հիմնական նպատակը լինելու է գյուղացի-սպառող ուղիղ կապի ապահովումը, որպեսզի գյուղացին ունենա գյուղմթերքն առանց վերավաճառողների, վերադիրների վաճառելու հնարավորություն։
Ծրագրվում է ստեղծել գյուղմթերք արտադրող և վերամշակող կազմակերպությունների էջեր՝ նույնպես ուղիղ մատակարարումների հնարավորություն տալու համար։ «Հույս ունենք, որ կայքում ստեղծվելիք հնարավորությունները ինչ-որ չափով կնպաստեն գյուղմթերքի և սննդամթերքի էժանացմանը, հետևաբար՝ բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը»,- նշեց Սադոյանը։










