Կքննարկվի հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցը
Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի պատվիրակությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:
Այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ :
Բավարիայի օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:










