Երևանը կդառնա առաջին մայրաքաղաքը, որն ամբողջապես կծածկվի FTTH տեխնոլոգիայի կապուղիներով

17:13 • 26.09.11

«Յուքոմ» ընկերության կողմից օպտիկամանրաթելային կապուղիներով մատուցվող «երեքը մեկում» (Tripple play-ինտերնետ, հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ) փաթեթով տնային բաժանորդներին մատուցվող ինտերնետ հասանելիության արագությունները մեծ են Կովկասի երկրներում մատուցվող ծառայությունների արագությունից և համապատասխան՝ եվրոպական շատ երկրներում մատուցվող համանման ծառայությանը։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց «Յուքոմ»–ի տնօրեն Հայկ Եսայանը։

Նրա խոսքով՝ ներկայումս ընկերությունն առաջարկում է երեք փաթեթներ.
«Կլասիկ»՝ 15 հազ. դրամ (ավելի քան 40,3 ԱՄՆ դոլար) ամսավճարով, որը ներառում է 4 մբ/վ ինտերնետ, 116 հեռուստաալիք, 180 րոպե խոսելաժամանակ Երևանի հեռախոսակապի ֆիքսված ցանցերում,

«Ռոք»՝ 18 հազ. դրամ ամսավճարով, ներառում է 6 մբ/վ ինտերնետ, 118 հեռուստաալիք, որից 2-ը` բարձ հստակության (high definition-HD) ցուցադրամամբ, 180 րոպե խոսելաժամանակ Երևանի հեռախոսակապի ֆիքսված ցանցերում,

«Ջազ»՝ 24 հազ. ամսավճար, ներառում է 8 մբ/վ ինտերնետ, 120 հեռուստալիք, որից 4-ը` HD որակի, 180 րոպե խոսելաժամանակ Երևանի հեռախոսակապի ֆիքսված ցանցերում։

Նշվեց, որ «Յուքոմ»–ի ծառայությունների ծածկույթը ներառում է Երևանի տարածքի 50%–ը (Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ, Զեյթուն), մինչև հոկտեմբերի 15–ը ծածկույթ կմտնի Շենգավիթը, նոյեմբերի կեսերը՝ Աջափնյակը, մինչև տարվա վերջ՝ Մալաթիա–Սեբաստիան և Էրեբունին։ Ներկայումս ծածկույթում են նաև Կիլիկիա և Այգեձոր թաղամասերը. սեփական տների բոլոր թաղամասերով ծածկույթը կտարածվի մինչև 2012թ.–ի երկրորդ եռամսյակը։ «Այդպիսով, Երևանը կդառնա առաջին մայրաքաղաքը, որն ամբողջապես կծածկվի FTTH (fiber to the home) տեխնոլոգիայի կապուղիներով»,– նշեց Եսայանը։

Նրա խոսքով՝ որքան հաճախորդների թիվը և նրանց կողմից ինտերնետ հասանելիության արագության պահանջարկն աճի, նույն չափով «Յուքոմ»–ը կմեծացնի արագությունները։ Ընկերության ինտերնետ բաժանորդների թիվն անցնում է 17 հազարից, որը կազմում է Երևանում լարային ինտերնետ հասանելիության բաժանորդների 35–40%-ը։

«Յուքոմ»–ի տնօրենը նշեց, որ FTTH–ով ինտերնետ հասանելիության արագությունը կարող է հասնել 100 մբ/վ–ի։ «Ողջունելի կլինի, եթե մենք կարողանանք պահել ծառայության գնի նվազագույն շեմը, իսկ արագություններն ավելացնել՝ հաշվի առնելով աշխարհում գնաճի տեմպերը»,– ասաց Եսայանը՝ պարզաբանելով, որ «Յուքոմ»–ի ինտերնետ և «Երեքը մեկում» ծառայությունների գները էժան են, քան աշխարհի շատ երկրներում մատուցվող համանման ծառայություններինը։

Երևանը կդառնա առաջին մայրաքաղաքը, որն ամբողջապես կծածկվի FTTH տեխնոլոգիայի կապուղիներով