Աստվածաշնչյան հին ձեռագրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
Իսրայելի թանգարանը Google ընկերության հետ համատեղ հրապարակել է շատ հին աստվածաշնչյան ձեռագրեր, որոնք հայտնի են Մեռյալ ծովի ձեռագրեր անունով: Դրանք ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն, և այժմ դրանց թվանշային տարբերակը տեղադրված է dds.collections.imj.org.il կայքում:
Պատմաբանները հնարավորություն կստանան ուսումնասիրել Մեռյալ ծովի հինգ ձեռագրեր, որոնց հստակությունը 1200 մեգապիքսել է: Նման բարձրորակ պատկերը թույլ կտա ուսումնասիրել ձեռագրերն ամենայն մանրամասությամբ: Դրանք հասանելի են նաև եբրայերենով և անգլերենով:
Ձեռագրերը գտնվել են 1940-ականների վերջին Երուսաղեմի արևելյան հատվածում գտնվող Հուդայական անապատի քարանձավներից մեկում: Շնորհիվ այդ հազվագյուտ ձեռագրերի՝ պատմաբաններն ավելին կարող են իմանալ քրիստոնեության ծագման, եբրայերենի և հին Երուսաղեմի մշակույթի մասին: Այժմ դրանք պահպանվում են Իսրայելի ազգային թանգարանում:










