ԱԺ նախագահը պարգևներ է շնորհել Բանակի օրվա առթիվ
ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ Բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, արժանացել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի:
Ըստ ԱԺ մամուլի հաղորդագրության`պարգևները հանձնվել են ԱԺ-ում տեղի ունեցած ընդունելությանը, որի ժամանակ Սամվել Նիկոյանը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա ու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ և նշել, որ մեր բանակն արդեն «20-ամյա երիտասարդ է, բայց տարիքին թերեւս անհամապատասխան շատ ավելի հարուստ կենսափորձով, եւ վստահությամբ է նայում ապագային, որովհետեւ ունի մնայուն ու արժանապատիվ հետք անցյալում եւ ներկայում»:
«20 տարի առաջ էլ մեր բանակը ծնվեց արդարությունը եւ իրավունքը պաշտպանելու պայքարում եւ այդ պայքարին զուգընթաց, երբ պատերազմ չցանկանալով հանդերձ` ստիպված էինք զենքի դիմել, որովհետեւ հակառակ կողմն այլ լեզու այդպես էլ չցանկացավ հասկանալ»,- նշել է նա:
ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ, Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգեւատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը և պաշտոնատար մի շարք այլ անձինք:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Պարգեւին արժանացել են նաև մի քանի պատգամավորները:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ԱԺ ղեկավարության կողմից երեք զինվոր ունեցող ընտանիքներին խրախուսելը:
Նախարարն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը է հայտնել ծնողներին ու զինծառայողներին, ովքեր իրենց ծառայությամբ եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարձրացնում են հայոց բանակի մարտունակությունը:









