Պակիստանը հայտարարել է, որ ռազմական զnրակազմ կուղարկի Սաուդյան Արաբիա

20:40 • 29.11.26

Պակիստանի զինված ուժերը զինծառայողներ կուղարկեն Սաուդյան Արաբիա՝ թագավորության տարածքում համապատասխան առաջադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին գրում է SCMP-ն։

Ռազմական զորակազմի գործուղումը տեղի կունենա պաշտպանական համագործակցության վերաբերյալ գործող պայմանավորվածությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ չեն հրապարակվում զինծառայողների ժամանման ամսաթիվը, նրանց թվաքանակը, կոնկրետ առաջադրանքներն ու Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամկետները։

«Զորքերը Սաուդյան Արաբիայի տարածքում կկատարեն իրենց հանձնարարված պարտականությունները՝ համաձայնեցված պարտավորություններին և պաշտպանական համագործակցության սահմանված շրջանակներին համապատասխան»,– ասված է Պակիստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարությունը հնչել է Իսլամաբադում Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարների ու զինվորականների հանդիպումից երկու օր անց։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Էր Ռիադին՝ 2026 թվականի օգոստոսին ստորագրված համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակում։ Փաստաթղթով նախատեսվում է, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր երեքի վրա։