Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին

17:28 • 29.11.26

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը տեսաուղերձով աջակցություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին։

Եդիգարյանն ընդգծել է, որ երկար տարիներ աշխատելով մանկապատանեկան ֆուտբոլում՝ քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին, և վստահում է իր նախկին խաղընկերոջ ծրագրին։

«Ողջույն բոլորին։ Ես Արթուր Եդիգարյանն եմ՝ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Երկար տարիներ մարզչական գործունեություն եմ ծավալում մանկապատանեկան ֆուտբոլում։ Շուտով կկայանան ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները, և ես լիովին աջակցում եմ իմ խաղընկերոջը՝ Գևորգ Ղազարյանին, որի հետ մեծ ճանապարհ եմ անցել։ Ծանոթ եմ Գևորգի մանկապատանեկան ծրագրին․ նա շատ լավ տիրապետում և գիտակցում է այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում ծառացել են մեր բոլորի առջև։ Հուսով եմ՝ կլինեն արդար ընտրություններ, և կհաղթի Գևորգը»,— նշել է Եդիգարյանը։

Գևորգ Ղազարյանը հրապարակել է տեսաուղերձն ու շնորհակալություն հայտնել նախկին խաղընկերոջը․

«Շնորհակալություն խաղընկերոջս՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանին ցուցաբերած աջակցության և վստահության համար»։

Հավելենք, որ ավելի վաղ Գևորգ Ղազարյանի թեկնածությանն իրենց աջակցությունն էին հայտնել նաև ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Ռոման Բերեզովսկին, Լևոն Պաչաջյանը, Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարոյանը։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին։ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը», իսկ նրա մրցակից Դենիս Ջորկաեֆինը՝ «Սյունիք» ՖԱ-ն։

Աղբյուրը`ArmSport.am