ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ է շնորհել սպաների և ազատամարտիկների (լուսանկարներ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան» շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասաց Սերժ Սարգսյանը:
«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված կրտսեր սերժանտ Դավիթ Դավթյանը նախագահից շնորհակալական խոսք ասելու իրավունք խնդրեց: «Պարոն նախագահ, հայ զինվորը, տեսնելով նման բարձր գնահատականն, ավելի է ոգևորվում և լավ կատարում հայրենիքի նկատմամամբ իր պարտականությունները»:
Կին ազատամարտիկ Լաուրա Խալափյանը, ով ևս այսօր նախագահ Սերժ Սարգսյանից մեդալ ստացավ, Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Պատերազմի ժամանակ միշտ հավատացել ենք հաղթանակին, հատկապես Մոնթեի գալուց հետո:
Նախագահի նստավայրում անցկացված միջոցառմանն այսօր ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ:

















