Տոնական համերգին ներկա են 4 նախագահներ

20:48 • 27.01.12

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված Ուժերի կազմավորան 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որին, ի թիվս այլ պաշտոնյաների, ներկա են Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:

Պետք է փաստել, որ, անկախ Հայաստանի պետականության, ինչպես նաև Արցախյան գոյամարտի համար կարևորագույն այս միջոցառմանը ներկա են հայկական երկու պետությունների՝ ղարաբաղյան ծագումով բոլոր չորս նախագահները։

Միջոցառումն սկսվել է զինվորական շքերթով: Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ՀՀ «բանակի զարգացումը գալիս է դարերի խորքից, և հայը միշտ սուր է վերցրել իր ձեռքն ու մարտնչել հանուն հայրենիքի»:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մեր բանակն այսօր առավել քան երբևէ բաց է գործում. «Բանակը ժողովրդինն է և ստեղծված է նրան ծառայելու համար, այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար զոհվածներին և գերակա խնդիր ենք դարձնելու մեր համար ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության և անկախության պահպանումը: Ես զեկուցում եմ նախագահին և վստահեցնում ժողովրդին, որ ոչ մի վարկյան բանակը չի թուլացնելու զգոնությունը և ժողովրդի անդորրը պահպանելու է հակառակորդի ոտնձգություններից»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը: