«Արաբական գարնան» միամյակը բռնաբարություններով է նշվել

16:11 • 27.01.12

Եգիպտոսում այս շաբաթ տոնել են ժողովրդավարական հեղափոխության մեկամյակը: Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում (անցյալ տարի հունվարին այստեղ են տեղի ունեցել ոստիկանների ու ընդդիմության բախումները) հավաքվել են տասնյակ հազարավոր եգիպտացիներ` Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման տոնը նշելու, սակայն այն չի անցել առանց արցունքների:

Ինչպես հաղորդում է գերմանական Tagesspiegel-ը, հրճվանքից գլուխները կորցրած եգիպտացիները հարձակվել են հրապարակ այցելած կանանց վրա և բռնաբարել նրանց: Հաղորդվում է տասը, հիմնականում` օտարերկրացի բռնաբարված կնոջ մասին, սակայն լրագրողների համոզմամբ` նրանց թիվն ավելին է:

Ականատեսների վկայությամբ` հրապարակում հավաքված տղամարդկանց 10-հոգանոց խումբն ընտրում էր «զոհին», հարձակվում նրա վրա, պատռելով նրա հագուստը` հերթով բռնաբարում: Իսկ ով փորձել է կանգնեցնել նրանց, տղամարդիկ ծեծի են ենթարկել:

ԱՄՆ մի բնակչուհու, որի անունը չի հաղորդվում, հաջողվել է դուրս պրծնել ամբոխի ձեռքից, նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: